Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Բա ասում եք՝ բուժքույրերի պահանջա՞րկ կա

Ապրիլ 18,2012 14:17

Այսօր մեր աշխատաշուկայում առավել պահանջված թափուր աշխատատեղերը բժիշկների, հաշվապահների, գանձապահների, բուժքույրերի, ծրագրավորողների, մենեջերների, անասնաբույժների, վաճառողների, մատուցողների, հացթուխների փականագործների, եռակցողների, վերելակավարների, կարող-գործողների, համակարգչային դիզայներների, դասավանդողների եւ մի քանի տասնյակ այլ մասնագիտություններով են: Այսօր «Հենարան» ակումբում, այսպիսի տվյալներ հրապարակեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Քանի որ պարոն Սիմոնյանի թվարկած մասնագիտությունները ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները, տպավորություն է ստեղծվում, թե մեր երկրում գործազուրկ մարդ չպետք է լինի, սակայն պարզվում է՝  այս պահին ՀՀ-ում աշխատանք է փնտրում 78.6 հազար մարդ:

Aravot.am-ն ընտրելով պարոն Սիմոնյանի թվարկած մասնագիտություններից մեկը, զանգահարեց մայրաքաղաքում գործող տասնյակ խոշոր բուժհիմնարկների կադրերի բաժին, պարզելու՝ ունե՞ն  բուժքույրի հաստիքի թափուր տեղ:

«Գրիգոր Նարեկացի» հիվանդանոցում հարցը լսելուն պես միանգամից ասացին` չունենք:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից էլ հայտնեցին, որ իրենք միմիայն իրենց քոլեջից են բուժքույրեր ընդունում աշխատանքի: Հարցին, թե այս պահին ունե՞ն  բուժքույրի տեղ, կադրերի բաժնի պատասխանատուն ասաց` ոչ:

«Սուրբ Աստվածամայրում» նույնպես ազատ տեղ չկար:

«Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ից (Հանրապետական ծննդատուն) հայտնեցին , որ բուժքույրի կարիք չունեն: «Սրտաբանության ԳՀԻ» բուժհիմնարկում այս պահին տեղ չկար:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի կադրերի բաժնից էլ վստահեցրին, որ ծանոթ-բարեկամի հանգամանքը կապ չունի, եթե բուժքույրի կարիք են ունենում՝ քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում ընդունվում են աշխատանքի: Սակայն հույս չտվեցին, որ առաջիկայում բուժքույրի տեղ կազատվի:

Ինչ վերաբերում է թաքնված զբաղվածներին, որոնք 18 հազար դրամ գործազրկության նպաստ են ստանում, բայց գործակալությունից գաղտնի աշխատում են՝ Aravot.am-ի հարցին, թե կա՞ն մեխանիզմներ նրանց հայտնաբերելու, պարոն Սիմոնյանն ասաց.

«Թաքնված զբաղվածներին մի քիչ դժվար է հայտնաբերելը, ուղղակի օրենքով կան սահմանված որոշակի վարչական գործառույթներ: Եթե մարդը թաքնված զբաղված է, նա կսկսի խուսափել մեր կողմից առաջարկվող ծրագրերին ընդգրկվել, ժամանակ չի ունենա այցելել զբաղվածության կենտրոն՝ աշխատանք ստանալու համար եւ այդպիսով պարզ կդառնա, որ նա աշխատում է ու նրա նպաստը կդադարեցվի»: Պետի տեղակալի տվյալներով, տարբեր  հետազոտական աղբյուրների համաձայն՝ այսօր թաքնված զբաղվածները մինչեւ 40%-են կազմում:

Նկատենք, որ գործակալությունը նպաստը կտրում է, եթե գործազուրկ քաղաքացին հրաժարվում է նրա առաջարկած աշխատանքից: Քաղաքացիները պատճառաբանում են, որ, սովորաբար, այս կամ այն գործի համար նրանց առաջարկվում է ընդամենը 32 հազար դրամ նվազագույն աշխատավարձ: Aravot.am-ի հարցին, թե գուցե միտումնավո՞ր են այդքան աշխատավարձով աշխատանք առաջարկում, որ մարդը հրաժարվի ու նպաստից զրկվի, պարոն Սիմոնյանն ասաց. «Եթե գործազուրկը չունի կոնկրետ մասնագիտություն, նրան հարմար է ցանկացած աշխատանք: Իսկ եթե այդ աշխատանքը մասնագիտական առումով գործազուրկին հարմար է եւ նա հրաժարվում է, ապա առաջին անգամ մենք կասեցնում ենք նպաստը երկու ամսով

եւ 2-րդ անգամ հրաժարվելու դեպքում դադարեցնում ենք նրա նպաստի վճարումը:  Երբ մենք ֆիքսում ենք գործազուրկի կարգավիճակը, այնտեղ կա կարեւոր մի պայման, մարդը պետք է պատրաստ լինի անցնել աշխատանքի: Գործատուն էլ օգտվելով առիթից, որպես կանոն՝ առաջարկում է ցածր աշխատավարձ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30