Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանը այսօր ոստիկանությունում ցուցմունք է տվել այն մասին, թե անձամբ է տեսել, որ նույն ընտրատարածքում իր մրցակից Լյովա Խաչատրյանի մարդիկ ինչպես են իր պաստառները Շենգավիթ համայնքում պատռում ու դրանց փոխարեն փակցնում պարոն Խաչատրյանինը: Ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքը ուրիշների նկարները, պաստառները պատռելու առիթ չունի ու բացատրեց, թե ինչու է մերժել Գ. Վեզիրյանի՝ բանավեճի առաջարկը. «Դեռ քարոզարշավը չսկսած՝ Գոհարը «4-րդ իշխանությունում» ուրիշի անվան տակ իմ մասին սեւ PR արեց… նման մարդկանց ես այլեւս չեմ տեսնում ու նրանց կողքին չեմ կարող նստել, խոսել… հարված՝ գոտկատեղից ներքեւ, անիմաստ է: Պաստառները, բոլորի պաստառներն են պատռում, իմն էլ են պատռում, հույսը դնել որ պաստառներով կարելի է ընտրվել, աբսուրդ է, քանի որ իմ պաստառները ու իմ դեմքը միմյանց շատ նման են ու ուղիղ համեմատական, ես որոշեցի մարդկանց իմ դեմքը ցույց տալ, այն բոլորովին չի տարբերվում իմ պաստառներից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ