Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերածնունդ» փառատոնից մինչեւ դասականի պրոպագանդում

Ապրիլ 18,2012 13:50

Գյումրիի երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը, արվեստագետների հավաստմամբ, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնն է, որը սկիզբ է առել 2007թ. Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի նախաձեռնությամբ: Ոգեւորված առաջին փառատոնի արդյունքներից (շուրջ 400 պատանի եւ երիտասարդ կատարող)՝ 2008թ. անցկացվեց երկրորդը, ինչը խորհրդանշում էր երկրաշարժի 20-րդ տարելիցը, իսկ 2009-ին «Վերածնունդը» վերաճեց միջազգայինի, որին մասնակցեց Ջավախքից, Արցախից ու արտերկրի շուրջ 10 երկրի 600 երաժիշտ: Այս փառատոնը խորհրդանշում էր Կոմիտասի 140-ամյա հոբելյանը: Արդեն 2010թ. մրցույթ-փառատոնը անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Մշակույթների մերձեցման միջազգային տարվա» շրջանակներում՝ նվիրված Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Այս փառատոնն արդեն ունեցավ շուրջ 1000 մասնակից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից եւ ԱՊՀ երկրներից: Անցյալ տարի «Վերածնունդը», որ նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին, «Առավոտի» զրուցակիցների կարծիքով, վերածվեց իսկական տոնի, որին հայտ էր ներկայացրել շուրջ 1200 երաժիշտ՝ 22 երկրից: Այս տարի ապրիլի 10-ին մեկնարկած եւ 19-ին գալա համերգով ու մրցանակաբաշխությամբ ավարտվող հիշյալ միջոցառումը իր շուրջն է հավաքել 1365 երիտասարդների, որից 437-ը՝ արտերկրից: Մինչ այս տարի եղած 9 անվանակարգերին (դաշնամուր, լարային, փողային, ժողովրդական գործիքներ, մեներգեցողություն, ազգային եւ էստրադային-ջազային երգեցողություն, կամերային անսամբլ) գումարվել է կոմպոզիցիան: Հանձնախմբերի անդամներն էլ ոչ միայն տեղացի, այլեւ արտերկրից ժամանած անվանի երաժիշտներ են, այդ թվում՝ կոմպոզիտորներ Վալերի Գրոխովսկին (Մոսկվա), Արթուր Օրենբուրգսկին (Ղազախստան), Ալեքսեյ Լարինը (Սեուլ), ջազմեն Սերգեյ Մանուկյանը (Մոսկվա), ակորդեոնահար Էդուարդաս Գաբնիսը (Լիտվա) եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը հայտնեց, որ «Վերածննդի» նպատակը եղել եւ մնում է դասական երաժշտության պրոպագանդումը, տարբեր ազգերի երաժիշտների միջեւ նոր ստեղծագործական ու բարեկամական կապերի հաստատումը, այլազգի երիտասարդների մերձեցումը հայ մշակույթին, նոր անունների հայտնաբերումը:

Դիտարկմանը՝ դասական երաժշտության առկայությունն է Հայաստանը դարձնում միջազգային երաժշտական ընտանիքի անդամ, Շահեն Շահինյանը (լուսանկարում) շեշտելով ՀՀ նախագահի հատուկ ուշադրությունը խնդրի նկատմամբ, ասաց. «Ուրախալի է, որ վերջին շրջանում, կարեւորելով դասական երաժշտության նշանակությունը, կառավարությունը զգալի միջոցներ է տրամադրում ոլորտին»: Մեր զրուցակիցը կոնսերվատորիայի օրինակով փաստեց, որ տասնամյակների ընդմիջումից հետո իրենց օջախում սկսվել են ինչպես շինարարական բնույթի աշխատանքներ, այնպես էլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթաց, ավելի ժամանակակից ու հարմարավետ դարձնելով լսարանները: Պարոն Շահինյանը շեշտեց, որ այս փառատոնի կայացման ու մեծ հեռանկարների երաշխիքներից է աջակիցների հսկա բանակը՝ ՀՀ մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարություններ, «Փյունիկ» համահայկական հիմնադրամ, «ՎիվաՍել ՄՏՍ» եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30