Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության» նոր թիրախը

Ապրիլ 18,2012 13:43

Բնակարանը դատական կարգով ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են

Մայրաքաղաքի Ավան համայնքի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1992թ. հատկացվել է արցախյան պատերազմի մասնակից Լեւոն Բադալյանին, նրա ընտանիքի անդամներին:

Լեւոն Բադալյանը չէր էլ պատկերացնում, որ առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրականացրած «արդարադատության» շնորհիվ զրկվելու է 75 000 դոլարանոց բնակարանից՝ ընդամենը 3050 ԱՄՆ դոլարի համար:

Նյութական դժվարին պայմաններից ելնելով՝ ազատամարտիկը բնակարանը վաճառելու նպատակով 2010թ. մայիսին տվել է հայտարարություն:

Բնակարանը գնելու նպատակով Լ. Բադալյանին է դիմել Մ. Խաչատրյանը:

Համաձայնելով, որ բնակարանը կգնի 75 000 ԱՄՆ դոլարով, Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին հայտնել է, թե կանխիկ կարող է վճարել միայն 20 000 ԱՄՆ դոլարը եւ առաջարկել է մնացած գումարը Լ. Բադալյանին վճարել մաս-մաս՝ մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը:

Լ. Բադալյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար, Մ. Խաչատրյանը առաջարկում է Լ. Բադալյանի անվամբ գրավ դնել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասը եւ «Պորշ Կայեն» ավտոմեքենան: Քանի որ ինքն այդ 20 000 ԱՄՆ դոլարը վճարելու համար պետք է պարտքով 30 000 ԱՄՆ դոլար վերցներ մեկ այլ քաղաքացուց՝ Ա. Խաչատրյանից, ապա Ա. Խաչատրյանն իրեն այդ գումարը կտրամադրի ոչ թե բնակարանի գրավի, այլ առուվաճառքի ձեւական պայմանագիր կնքելու դեպքում:

Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին առաջարկում է բնակարանը ոչ թե գրավի, այլ ձեւական առուվաճառքի պայմանագրով ժամանակավորապես անվանափոխել Ա. Խաչատրյանի անվամբ, ինչի դիմաց ինքն Ա. Խաչատրյանից պարտքով կստանա 30 000 ԱՄՆ դոլարը, որից 20 000 ԱՄՆ դոլարը կվճարի Լ. Բադալյանին՝ որպես բնակարանը գնելու դիմաց կանխավճար: Խաչատրյանը հավաստիացնում է, որ ինքն ամբողջությամբ կմարի ինչպես գրավի դիմաց ստանալիք գումարը, այնպես էլ բնակարանի արժեքն ամբողջությամբ:

2010թ. հունիսի 7-ին Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին հայտնում է, որ Ա. Խաչատրյանն այդ օրը պետք է մեկնի ՌԴ եւ խոստացած 30 000 ԱՄՆ դոլարը չի կարող տրամադրել (այն կտրամադրի մոտ 15 օր հետո, ՌԴ-ից վերադառնալուց հետո), եւ առաջարկում է կարճ ժամկետով բնակարանն անվանափոխել իր ընկեր Գ. Ժամհարյանի անվամբ, ով այդ պահին կարող է պարտքով իրեն տրամադրել ընդամենը 15 000 ԱՄՆ դոլար, որից Մ. Խաչատրյանը կարող է Լ. Բադալյանին որպես կանխավճար տրամադրել 10 000 ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Պետրոսյանի, Լ. Բադալյանը հավատալով՝ համաձայնել է, ինչից հետո կողմերը նոտարական գրասենյակում Գ. Ժամհարյանի հետ կնքել են բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:

Փաստաբանը տեղեկացնում է նաեւ, որ պայմանագրում բնակարանի գինը ձեւականորեն սահմանվել է 19000000 դրամ, սակայն այն Լ. Բադալյանին չի վճարվել, քանի որ բնակարանն իրականում գրավադրվել է Գ. Ժամհարյանին: Պայմանագրի կնքման արդյունքում նշված բնակարանի փաստացի գրավի դիմաց Գարեգին Ժամհարյանը փոխառությամբ Մ. Խաչատրյանին է հանձնել 15 000 ԱՄՆ դոլար, որից Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է փոխանցել ընդամենը 7100 ԱՄՆ դոլար:

Հետագայում Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանից պարտքով վերցրել է 4050 ԱՄՆ դոլար, եւ ստացվում է, որ նշված բնակարանի գրավի դիմաց Լ. Բադալյանն ստացել է ընդամենը 3050 ԱՄՆ դոլար:

Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է գրավադրել «Պորշ Կայեն» մեքենան, որը մինչ այդ Ա. Խաչատրյանի եւ Գ. Ժամհարյանի հանդեպ Մ. Խաչատրյանի ունեցած 25 000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Մ. Խաչատրյանը գրավադրած է եղել նրանց:

Ինչ իմանար Լ. Բադալյանը, որ նշված հողամասը եւ «Պորշ Կայեն» մեքենան Մ. Խաչատրյանին չեն պատկանում: Կամ ինչպես իմանար, որ Մ. Խաչատրյանը նշված բնակարանով փակել է Ա. Խաչատրյանի եւ Գ. Ժամհարյանի հանդեպ իր ունեցած 25 000 ԱՄՆ դոլարի պարտքը, որ հետագայում Գ. Ժամհարյանը հայտարարելու է, որ բնակարանի գինը՝ 50 000 ԱՄՆ դոլար ինքը վճարել է Լ. Բադալյանին եւ պահանջելու է Լ. Բադալյանին վտարել բնակարանից:

Լ. Բադալյանը եւ նրա ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան՝ այս անգամ արդարադատության հաղթանակի ակնկալիքով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30