Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ մեռցնելու «խասյա՞թ» ունի

Ապրիլ 18,2012 13:39

Ինչպես տեղեկացրել ենք, 3 օր առաջ կալանավորել էին Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանին, ով մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ:

Այս կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունից մեր էլեկտրոնային կայքին մանրամասնել էին, որ անցած տարվա հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած Հմայակ Մկրտչյանին տեղափոխել են Գյումրու Ճերմակ հիվանդանոց: Վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, վերջինս արյունահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որը հաստատել է բժշկի մեղավորությունը:

Պարզվում է՝ սա մոտ 25 տարվա վիրաբույժի կողմից հիվանդի մահվան պատճառ դառնալու առաջին դեպքը չէ: Հրանտ Ներսիսյանը նմանատիպ մեղադրանքով մեկ անգամ արդեն դատվել է 2006 թվականին: Հենց այդ ժամանակ Գյումրու կենտրոնում՝ Արվեստների ակադեմիայի հարեւանությամբ գտնվող «Դուետ» սրճարանում, տեղի է ունեցել մի աղմկոտ մարդասպանություն: Գյումրիի Սլաբոդկա թաղամասի բնակիչ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւան Արա Մրյանը սրճարանում կրակել էր Մայիս Կարապետյանին, որը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Տուժողի թոքերը վիրահատելուց հետո բժիշկը, ըստ նախաքննական նյութերի, հետվիրահատական սխալ էր կատարել, սխալ էր բուժել, որն էլ դարձել էր մահվան պատճառ: Այդ ժամանակ եւս նրա դեմ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այն նախատեսում է 2-6 տարվա ազատազրկում: Սակայն 2006 թվականին նրան նախնական կալանքի տակ չեն վերցրել, ավելին՝ դատարանի դահլիճից ազատ են արձակել, քանի որ համաներման տակ է ընկել: Իսկ այժմ բժիշկը կալանավորված է, գտնվում է Արթիկի գաղութում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30