Լրահոս
Օրվա լրահոսը

Շնասերներին կոչ է անում համախմբվել

Ապրիլ 18,2012 13:37

Որպեսզի պայքարեն շուն հավաքող «Յունիգրաֆ իքս» կազմակերպության դեմ

«Իմ շներին գտնում եմ Լուսակերտի մի գիտահետազոտական կենտրոնից, որտեղ սարսափեկի վիճակ էր, արյան եւ մահվան հոտը քթիդ էր խփում»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտած պատմեց  Կենտրոն համայնքի բնակիչ Ալլա Գաբրիելյանը: Նա սթրես է տարել, երբ շուն հավաքող կազմակերպության՝ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները եկել ու նրա բակի խնամված շներին, առանց հարցնելու, տարել են ոչնչացնելու: Տիկին Ալլան վստահ է, որ շներին այլեւս կենդանի չէր տեսնելու եւ շուն հավաքողների պատճառաբանությունները, թե տանում են վարակազերծեն, ընդամենը խաբեություն է: Նա կոչ է անում կենդանասերներին համախմբվել եւ  պայքարել այն մարդկանց ու կազմակերպությունների դեմ, որոնք ցանկանում են վերացնել թափառող ու անպաշտպան կենդանիներին: Տիկին Ալլայի խոսքերով, իր միջոցների հաշվին այդ շներին վարակազերծել է, ամորձատել  ու կերակրում է, հետեւաբար նրանք այլեւս ոչ մի վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար:

«Յունիգրաֆ իքսի» պատասխանատուները «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ իրենք հիմնականում բնակիչների բողոքների հիման վրա են շներին հավաքում եւ շատ զարմացան, երբ նրանց փոխանցեցինք տիկին Ալլայի վրդովմունքն ու բողոքը: «Մարդիկ ահազանգում են եւ մեզ տեղեկացնում, որ այսինչ թաղամասում վարակված կամ վտանգավոր շներ կան, մենք գնում ենք, հավաքում այդ շներին, ստերիլացնում, ի դեպ՝ այդ ամենն իրականացվում է միայն շներին քնեցնելու միջոցով, այնուհետեւ բաց ենք թողնում»,- ասաց «Յունիգրաֆ իքսի» լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը: Ըստ նրա. «Այդ բնակիչը, ով բողոքել է մեր դեմ, հավանաբար տեղյակ չէ, որ մենք արձագանքել ենք այլ բողոքների, երեւի հենց իր հարեւաններն են նեղվել եւ դժգոհել իր շներից, իսկ մենք միայն բարի նպատակներով արձագանքում, վերացնում ենք խնդիրը եւ բաց ենք թողնում շներին»:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30