Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը լավագույն դեպքում կարող է հավակնել ձայների 5 տոկոսին

Ապրիլ 18,2012 13:34

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավին եւ նոր գումարման ԱԺ-ում հայտնվելու նրա հնարավորությանը, կարծիք հայտնեց, թե, որպես՝ իշխանական ուժ, ՕԵԿ-ի  քարոզարշավը պասիվ է: «ՕԵԿ-ը, ճիշտ է, իրեն պատռում է, փորձում է ինչ-որ բաներ անել, բայց, դե, ՕԵԿ-ին դնենք մի կողմ»,- այս կուսակցության նկատմամբ նկատելի անտարբերությամբ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ն ինքն է մամուլում շրջանառության մեջ դնում ինչ-որ թվեր, ներկայացնում ապագա խորհրդարանի պատկերը, որտեղ ՕԵԿ-ն, իբր, առնվազն 16 տոկոս քվե է ունենալու: Բայց քաղտեխնոլոգի համոզմամբ,  իրականությանն ավելի մոտ են բոլոր այն  հարցումները, վերլուծություններն ու կանխատեսումները, որտեղ ՕԵԿ-ն անցնում է 5 տոկոսանոց սահմանը կամ չի անցնում: «Մնացած դեպքերում, պարզ է, որ այդ ինֆորմացիան անձամբ Արթուր Բաղդասարյանն ինքն է շրջանառության մեջ դնում, որովհետեւ ոչ մի փորձագետ՝ անկախ , իշխանական կամ ընդդիմադիր, տեսախցիկի առաջ չի կանգնի եւ չի ասի, որ ՕԵԿ-ը կարող է 5 տոկոսից ավելի ձայն հավաքել՝ դա լավագույն դեպքում: Բայց « ի դեմս» (  նկատի ուներ  ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի լեզվի սայթաքումը, երբ վերջինս հայտարարել էր, թե՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի, կուսակցությունում կանայք շատ են- խմբ.) արթուրբաղդասարյանները գնում են քարոզարշավի, ինչ-որ բան են փորձում անել, ջեմեր են բաժանում… ՕԵԿ-ը սա է»,- հեգնեց Կարեն Քոչարյանը:

Արդեն որպես՝  շարքային քաղաքացի եւ ոչ քաղտեխնոլոգ, Կարեն Քոչարյանն ասաց, թե իրեն ընդհանրապես ոչ միայն  նախընտրական, այլեւ ընդհանուր քաղաքական մթնոլորտն ու  քաղաքական դաշտի ավերված վիճակը չեն  բավարարում: «Քաղաքական դաշտ չթողեցին, ավերեցին: 1990-ականներին պայքարը քաղաքական էր՝ ՀՀՇ, ՀՅԴ, ԱԻՄ, ԱԺՄ, ՍԻՄ, ՀՀԿ եւ այլն: 2000-ականներին քաղաքական դաշտը սկսեց ամբողջովին փոշիանալ: Այսօր Հայաստանում ռեալ եւ  դասական իմաստով գործում է մի կուսակցություն՝ ՀՅԴ-ն, որն ապացուցել է, որ  կարող է լինել եւ եղել է ընդդիմություն, հետո իշխանություն, հետո նորից ընդդիմություն եւ դրանից չի քանդվել ու լինելով իշխանություն՝ նաեւ նրա անդամների թիվը չի ավելացել: ՀՅԴ-ն ունի այն  դասական կուսակցության՝ համաշխարհային քաղաքական այն բոլոր ատրիբուտները, որոնք պետք է ունենա կուսակցությունը: Մնացած բոլորը կամ՝ իշխանության կուսակցություններ են, կամ՝ մեկանգամյա պրոյեկտներ, գոնե, այս պահին: Ի՞նչ է նշանակում 300-400 հազար անդամ ունենալ»,- հռետորական հարցադրում արեց Քոչարյանն ու կարծիք հայտնեց, թե քաղաքական ուժերն իրենք էլ չեն հասկանում, որ հայտարարված այդ  թվերը հենց իրենց դեմ են աշխատում, «եւ նախորդ ընտրություններում դա աշխատեց ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի դեմ»: Քաղտեխնոլոգը նկատի ուներ այն, որ այդ երկու կուսակցությունները նախորդ ընտրությունների ժամանակ անհամեմատ ավելի քիչ քվե ստացան, քան՝ իրենց հռչակած կուսակցականների թիվն էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30