Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու համար: <<Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երևանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երևանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը>>,- նշել է քաղաքապետը:
Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: <<Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ-Պետերբուրգում և վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում>>,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:
Քաղաքապետը փարիզաբնակ Մանթաշովներին հրավիրել է հաճախ այցելել Երևան: <<Երրորդ անգամ եմ Երևանում. առաջին անգամ 1973 թվականին են այցելել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով. երկրորդ անգամ 10 տարի առաջ եմ եղել Երևանում: Ուրախ եմ տեսնել, որ Երևանը այսքան գեղեցկացել և զարգացել է. շատ գեղեցիկ քաղաք է: Բնակիչներն էլ էներգիայով լեցուն են և կարծում եմ կօգնեն Ձեզ՝ քաղաքի շարունակական զարգացման գործում>>,- ընդգծել է Ալեքսանդր Մանթաշովը:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը և Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն