Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկուսի երկընտրանքները

Ապրիլ 18,2012 12:57

ՀՀԿ-ն կանգնած էր հետեւյալ երկընտրանքի առաջ՝ մտցնե՞լ խաղի մեջ «մեծամասնական օլիգարխներին», թե՞ ոչ: Երկու դեպքում էլ շահելու եւ կորցնելու բաներ կային: Ընդունված որոշման առավելությունն այն է, որ օլիգարխների՝ պատգամավոր դառնալն ապահովագրված է, եւ դրանով նրանք նպաստելու են հարազատ կուսակցության՝ մեծամասնություն դառնալու ծրագրերին: Իսկ բացասականը ՀՀԿ-ի համար այն է, որ օլիգարխներն այդպիսով հեշտ թիրախ են դառնում ընդդիմության համար, եւ նրանց պատճառով այս ընտրարշավում Հանրապետականը դեռ շատ «թուքումուր կուտի»: Այս գործարարներն իսկապես քաղաքական գործիչներ չեն, աչքի չեն ընկնում գրագիտությամբ եւ բացարձակապես ի վիճակի չեն զբաղվել հրապարակային գործունեությամբ: Բայց այդ «փոքրիկ թերությունները» փոխհատուցվում են նրանով, որ օլիգարխները, կրկնեմ, ընտրվելու խնդիր չունեն, իսկ եթե ՀՀԿ-ն նրանց փոխարեն առաջարկեր ոմն Պողոս Պետրոսյանի, ապա նույն գործարարները հանուն այդ անհայտ Պողոսի այնքան «ջիգյարով» չէին աշխատի, որքան իրենց համար: Մարդկային հոգեբանության պարզագույն օրինաչափություն է՝ սեփական շապիկը մարմնիդ ավելի մոտ է:

ՀԱԿ-ը նույնպես երկընտրանք ուներ՝ քարոզչության հասցեատեր դարձնել թեեւ ընդդիմադիր, բայց սոլիդ, գիտակից ընտրազանգվա՞ծը (որը փոքր է, բայց ավելի որակյալ), թե՞ «լյումպեն-պրոլետարիատին», որը 20 տարվա «իմաստուն» տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանում կազմում է ճնշող մեծամասնությունը: Ընտրվեց երկրորդ՝ «քանակական» տարբերակը: Այստեղ էլ երկու տարբերակները ունեին իրենց առավելությունները եւ թերությունները: Գիտակից մարդիկ, որոնք պատրաստվում էին իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին, կարող են խրտնել անհարկի ղժղժոցներից եւ բազարային բառապաշարից: Մյուս կողմից էլ լյումպենները թեեւ շատ են, բայց հեղհեղուկ. նրանք կարող են ժամերով բողոքել իշխանավորներից եւ սեփական կյանքից, բայց, ի վերջո, օգտվել կոալիցիայի մաս կազմող որեւէ կուսակցության ընտրակաշառքից կամ «բարեգործությունից» եւ քվեարկել «ինչպես որ պետք է»:

ՀԱԿ-ի մյուս երկընտրանքը, պայմանականորեն ասած, ռոմանտիզմի եւ պրագմատիզմի մեջ է: «Հանցավոր ռեժիմի» դեմ պայքարը, անշուշտ, շատ ռոմանտիկ է, թեեւ օրիգինալ չէ՝ 20 տարի ընդդիմությունը հենց դրանով է զբաղված: 98 թվականից հետո նույնիսկ իշխանությունն էր մի քանի տարվա պայքար ծավալել «նախորդ հանցավոր ռեժիմի դեմ», ինչը, իհարկե, կատարյալ անհեթեթություն է: Բայց հիմա ՀԱԿ-ը «ռեժիմի» դեմ պայքարում է խիստ ընտրողաբար՝ խնայելով այդ «ռեժիմի» մասը, ենթադրաբար, հանդիսացող ԲՀԿ-ին: Հույսն այն է, որ այդ կուսակցությունը կսկսի խաղալ ընդդիմադիր դաշտում: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը կմիանա Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այ, դա իրոք որ կլիներ պրագմատիզմի բարձրագույն դրսեւորում, կասեի նույնիսկ՝ տրիումֆ: Բայց վախենամ, որ այս հարցում ՀԱԿ-ին լուրջ հիասթափություն է սպասում:

Մնացած կուսակցությունները ոչ մի երկընտրանք, ըստ էության, չունեն. նրանք դատապարտված են մաս կազմել համապատասխանաբար իշխանության կամ ընդդիմության:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30