Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը այրվեց ու մոխրացավ, հիմա ընդդիմության առաջնորդը «Ժառանգությո՞ւնն» է

Ապրիլ 18,2012 12:37

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարած քարոզարշավը որպես՝ «հոգնած» ու «անհետաքրքիր» որակեց: Մեր այն հարցին, թե՝ հոգնած քարոզարշավ է, որովհետեւ ընտրություններին մասնակցողները տեմպի՞ն չեն դիմանում, թե՞ հասկանում են, որ Հայաստանում քարոզարշավով կամ ծրագրերով, PR-ով ու գովազդով չէ, որ հնարավոր է ընտրություններում հաղթել կամ որոշակի հաջողությունների հասնել: «Համաձայն չեմ ձեր դիտարկման հետ.  գովազդով էլ է, PR-ով էլ է: Անկախ նրանից, թե մենք ինչ ենք ասում՝ ընտրակաշառք է բաժանվում, տոկոսներ են նկարելու եւ այլն, իսկ ես հիմա համոզված եմ, որ չեն նկարելու, Հրազդանի ընտրություները ցույց տվեցին, ու ԱՄՆ դեսպան Հեֆերն էլ հետո ֆիքսեց, որ այդ տեսակի ընտրությունները «մաքուր» ընտրություններ  են: Հիմա ընտրությունները եթե կեղծվում են՝ կեղծվում են ոչ թե նկարելով, բռի ուժով, քվեատուփ գողանալով, այլ կամ  քվեարկությունից  երկու օր շուտ, կամ ընտրատեղամասից 200 մետր հեռու»,- ասաց Կարեն Քոչարյանը: Նա դա նորմալ համարեց ու մատնացույց արեց 1960-ականներին ամերիկյան ընտրությունները, երբ, օրինակ՝ ԱՄՆ-ում Քենեդու ընտրությունների ժամանակ նրա հայրը զանգում էր Քենեդու նախընտրական շտաբ ու բղավում է անդամների վրա, թե ինչու չեն կազմակերպում մարդկանց տեղամաս տանելը: «Ընտրողներին ավտոբուսներով տեղամաս տանելը նորմալ է, մեզ մոտ ասում են՝ վա՜յ, տարան: Լավ արեցին, դուք էլ տարեք, դուք էլ կազմակերպեք, դա կազմակերպչական խնդիր է ու ընդունված է ամբողջ աշխարհում: Այսինքն, ընտրությունների մասնակիցները հոգնած են ոչ թե նրա համար, որ ընտրությունները կանխորոշված են համարում, նման բան չկա, այլ որովհետեւ նրանք 22-25 տարվա «մաշվածություն» ունեն. նույն քաղաքական գործիչները նույն բանն են անում, խոստանում են, նստում պատգամավոր աթոռին, հետո նորից խոստանում ու այդպես շարունակ:

Իսկ հարցին, թե քարոզարշավի անցած 10 օրերի ընթացքը, ընտրություններին մասնակցող ուժերի հարաբերակցության եւ ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունների իմաստով կանխատեսումներն արդյոք ինչ-որ բան փոխվե՞լ է, քաղաքական տեխնոլոգը պատասխանեց. «Ոչ մի բան չեն փոխել: Ես կարծում եմ, փոխվեց միայն մի փոքր բան, որը ոչ ոք առանձնապես չի նկատում. ես կարծում եմ՝ փոխվել է ընդդիմության լիդերը: Երբ ես առաջին անգամ դրա մասին ասացի՝ ՀԱԿ-ի առաջնորդը դրան շատ խանդով վերաբերեց, բայց դա ՀԱԿ-ի մեղքն է: Քարոզարշավի 10 օրը ցույց է տալիս, որ այսօր «Ժառանգությունն» է ընդդիմության լիդերը, թեեւ մինչեւ ընտրարշավը բոլորը համոզված էին, որ ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ն է»:

Կարեն Քոչարյանը դիտարկմամբ, դա պայմանավորված է ոչ միայն ՀԱԿ-ի «հոգնածությամբ, այլեւ այդ ուժից իր պոտենցիալ ընտրողների հիասթափությամբ, որը պայմանավորված էր նաեւ իշխանությունների հետ նրա երկխոսությամբ: «Ժամանակին Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե ժողովուրդը տուզիկ չէ, որ ոտքիցդ կապես՝ երբ ուզենազ բաց թողնես, երբ ուզենաս՝ ոչ: Նա ճիշտ էր ասում. գյադեք էս կողմ, գյադեք՝ էն կողմ տարբերակը չէր կարող աշխատել, ու բնական է, որ դա պետք է իր ազդեցությունն ունենար եւ ունեցավ շատ խորը ազդեցություն, որի հետեւանքը օրերս ՀԱԿ-ի Մասիսում տեղի ունեցած հանդիպումն էր, որտեղ մարդ չկար, ու որտեղ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարության, 2008-ին իրենք ամենաշատ ձայներն էին հավաքել: Մյուս կողմից, ՀԱԿ-ն, անուամենայնիվ, 2007-2008 թվականներին շատ մեծ գործ արեց հասարակության համար: Այն, ինչ արեց ՀԱԿ-ը վերջին 4 տարում, երեւի,  դժվար էր պատկերացնել՝ հասարակությանն արթնացնելը, վախի մթնոլորտը կոտրելը, ազատ արտահայտվելու հնարավորությունը, զուտ մտածողության առումով լիբերալ արժեքների ներդրումը հասարակության մեջ: Բայց ստացվեց, որ ինքը տվեց իրեն այրելով ու չդիմացավ, մոխրացավ: ՀԱԿ-ը մեծ գործ արեց, բայց այսօր փաստ է, որ ՀԱԿ-ը չունի այն ռեսուրսը եւ ոչ էլ էներգիան, որ ուներ»,- կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30