ԲՀԿ ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի յուրաքանչյուր հայտարարության ՀՀԿ անդամները բուռն են արձագանքում: Այսօր լրագրողները պարոն Օսկանյանին խնդրեցին մեկնաբանել մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները. «Ես չեմ մեկնաբանում այդ բոլորը, իրենց պետք է հարցնեք, թե ինչի են ցավով ընդունում: Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, եւ քննադատում եմ այն, ինչ գտնում եմ, որ սխալ է արվել: Ընտրությունների ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք խոսենք մեր խնդիրներից, լուծումներ առաջարկենք, այլընտրանք հանդիսանանք: Այնպես որ ինձ համար բացարձակապես նշանակությւոն չունի, թե ինչպիսի արձագանք է լինելու: Ցավալին միայն այն է, որ բովանդակային հարցադրումներին, քննադատումներին բովանդակային պատասխան չկա, այլ անձնական վիրավորանքներ են: Սա է ցավալին: Ես չեմ արձագանքելու դրան: Իմ ֆեյսբուքյան գրառումներում երեկ ասել էի, որ ես արձագանքելու եմ միայն այն դեպքերում, եթե համարում եմ, որ ասվածը կարող է ժողովրդի կողմից լուրջ ընկալվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ