Տեսեք. ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու կազմակերպիչներն ու աջակիցները, խիստ «տարօրինակ» զուգադիպությամբ, անձինք են, ովքեր Հայաստանի, հայոց բանակի հասցեին բացասական, ցեխարձակիչ հայտարարություններ անելու առիթը չեն կորցնում երբեք։ Ինչպիսի՜ պատահական զուգադիպություն։
Ի դեպ, երբեւէ լսած կա՞ք, որ, օրինակ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական (!!!) կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանը հանդես գա ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները, Բաքվի սանձազերծած «դիպուկահարների պատերազմը», ռազմատենչ ու ագրեսիվ կոչերը դատապարտող հայտարարությամբ։
Դիտարկենք նրա բուն նախաձեռնության վերջին դրսեւորումը։
Մի կողմից, թվում է, թե ի՞նչ մի զարհուրելի բան է անում Գեորգի Վանյանը։ Մարդն ընդամենը ուզում է փոքրաթիվ (ու, վստահաբար, կողմնորոշված) լսարանին ցուցադրել մեկուկես ժամ տեւողությամբ ադրբեջանական չորս կարճամետրաժ ֆիլմ։ Նման հնարքներ սովորաբար կիրառվում են, այսպես կոչված, «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում, երբ, ասենք, չկարգավորված հակամարտության մեջ գտնվող երկու պետությունների հասարակությունների տարբեր շերտերի ներկայացուցիչների միջեւ իրականացվում են շփումներ, փոխայցելություններ, առանձին դեպքերում՝ համատեղ ինչ-ինչ մշակութային, նույնիսկ՝ տնտեսական ծրագրեր։
Այդպիսի օրինակներ մեր իրականության մեջ եղել են ու, հնարավոր է, էլի կլինեն։ Ողջ հարցն այն է, թե դրանք որքանո՞վ են համադրելի կամ համեմատելի Գ.Վանյանի ու նրա ընկերախմբի «ազերֆիլմ» գործողությանը։
Լավ, ինչո՞ւ հիմա։ Արդյոք հենց այս օրերին Վանյան-Սաքունց-Բարսեղյանի ադրբեջանցի գործընկերները Ադրբեջանում, ասենք, Բաքվում ու Լենքորանում նախաձեռնե՞լ են հայկական ֆիլմերի փառատոն։ Չեն նախաձեռնել ու նույնիսկ անհնար է պատկերացնել, որ օդանավակայանում հայկական ազգանունով մարդկանց որսացող Ադրբեջանում կարող է նման բան տեղի ունենալ։
Կարճ ասած՝ միակողմանի խաղաղարարություն ու խաղաղասիրություն, առավել եւս՝ հանդուրժողականություն չի լինում։ Հենց միայն վերջին տարիներին բազմաթիվ են փաստերը, որ Հայաստանի հանդուրժողականության պատասխանը Բաքվից արձակված դիպուկահար կրակոցներն են եղել ու սադրանքները։
Երկրորդ. առավել եւս, իմաստ ունե՞ր ադրբեջանական «ֆիլմացուցադրության» ակցիա անել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Ալիեւը, խախտելով թե դիվանագիտական, թե հյուրընկալության բոլոր նորմերը, հայերին անվանում է ֆաշիստ, եւ այլն, եւ այլն։ Իհարկե, բացարձակապե՛ս ոչ մի իմաստ չուներ։ Բայց նայած, թե որ կողմից նայես։
Կարելի էր ամենեւին չկասկածել, որ, ի լրումն ամենի, ալիեւյան վերջին հակահայկական հայտարարություններից անմիջապես հետո Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մասին տեղեկատվությունն ու մանավանդ փորձը կհարուցեն հասարակության սուր արձագանքը։ Առավել եւս, եթե նման՝ ազգային արժանապատվությանը դիպչող քայլի փորձ կատարվի պատվախնդրությամբ հայտնի գյումրեցիների ու լոռեցիների միջավայրում, ապա սուր արձագանքն ու նաեւ հակազդեցությունը երաշխավորված են։
Հենց դա էլ տեղի ունեցավ, եւ չէր կարող տեղի չունենալ: Եթե սրիկայության փորձ է արվում, միշտ էլ կգտնվեն դրան համարժեք արձագանքողներ։ Մենք ֆիզիկական բռնության կամ դրա սպառնալիքի կողմնակից չենք, սակայն «փառատոնի» կազմակերպիչները դեռ պիտի փառք տան, որ մի քանի հավկիթով կամ քարով են պրծել։
Եթե, իհարկե, «ազերֆիլմ» ակցիայի կազմակերպիչների կամ նրանց ֆինանսավորողների հիմնական նպատակներից մեկը հենց այդ սուր (կրկնում ենք, միանգամայն օրինաչափ) արձագանքն արձանագրելը չէր։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»