Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ առաջիկա ընտրությունները նախագահական ընտրությունների «քաստինգ» են

Ապրիլ 18,2012 11:40

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը փաստացի մեկնարկել էր ապրիլի 8-ից, այսօր թեւակոխեց իր տասնօրյակը: Aravot.am-ը քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի օգնությամբ փորձեց ամփոփել քարոզարշավի անցած 10 օրերը: «Գոնե առաջին 10 օրվա ընթացքում շատ տխուր ու միապաղաղ ընտրարշավ է գնում»,- արձանագրեց Քոչարյանն ու մանրամասնեց, որ հիմնականում իշխանական կուսակցությունները գերադասում են հասարակության հետ հանդիպումների ձեւաչափը, որովհետեւ խնդիր ունեն ցույց տալու, որ իրենք կարող են ընտրողների մեծ զանգված մոբիլիզացնել,այսպես ասած՝ շատ  մարդ «հավաքել», որովհետեւ, ինչպես քաղտեխնոլոգը նկատեց՝դա հետո պետք է վերածվի ընտրությունների  արդյունքում «ստացված» տոկոսների, ու դա բացատրվի հենց այս կուսակցությունների «մասսայականությամբ»:

Միեւնույն ժամանակ Քոչարյանն անհասկանալի համարեց  ընդդիմադիր ուժերի ու իշխանական կուսակցություններից՝ ՕԵԿ-ի, «բավականին  պասիվ քարոզարշավը»: «Նրանք, իրոք,  ձայներ հավաքելու եւ այդ ձայները «պահելու» խնդիր ունեն, ու ինձ համար նրանց պասիվությունը մնում է որպես՝ գաղտնիք: Ինձ համար ամենանհասկանալի քարոզարշավը ՀՅԴ-ինն ու ՀԱԿ-ինն են: Չգիտեմ, գուցե, նրանք տեխնոլոգիական պահած «զենքեր» ունեն, որ դեռ պիտի վերջում կրակեն, բայց միեւնույնն է՝ ամենավատ քարոզարշավը նրանցն է: Եթե սպասելի էր, որ ԲՀԿ-ի քարոզարշավը կենացային պիտի լիներ, ՕԵԿ-ինը՝ այսպես ասած, «պուբլիչնի», ապա ՀՅԴ-ից եւ ՀԱԿ-ից ես այլ բան էի սպասում եւ այլ բան եմ տեսնում: ՀՅԴ-ն անում է այն, ինչ բոլորն անում էին դեռեւս 15 տարի առաջ՝ ստանդարտ բաներ, խորհրդային ագիտացիա-պրոպագանդա: Քաղաքական ուժերից ոչ մեկը, որպես այդպիսին՝ տեխնոլոգիական քարոզարշավ չի վարում, նորարարություններ չկան, որոնք գոնե ,մի քիչ մոտիկ լինեն 21-րդ դարում կիրառվող տեխնոլոգիաներին: Այդ ուժերը բոլորը մնացել են 20-րդ դարում: Իսկ ՀԱԿ-ի քարոզարշավն ինձ համար ընդհանրապես նոնսենս է»,- ասաց քաղտեխնոլոգը:

Համեմատելով ՀԱԿ-ի՝ 2007-2008 թվականներին վարած քարոզչությունն ու այն, ինչ այդ ուժն անում է հիմա, ըստ Քոչարյանի, տպավորություն է թողնում, թե «ՀԱԿ-ում բոլորը հոգնել են, եւ հոգնել է առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանք նույնիսկ չեն էլ համաձայնեցնում իրենց ելույթներն ու ասելիքը եւ ստացվում է, որ իրար հակասում են՝ մեկն ասում է մասնակիցները ՀԱԿ-ի հետ հանդիպումներին քիչ են գնում, որովհետեւ վախենում են, իսկ Տեր-Պետրոսյանն ասում է՝ չէ, չեն վախենում»:

Կարեն Քոչարյանի կարծիքով, ընթացող քարոզարշավը տխուր է, որովհետեւ մեր քաղաքական դաշտն է հոգնել: «Անգամ երկաթը, երբ շատ է աշխատում՝ հոգնում է: Նման արտահայտություն կա: Հիմա դա կարելի է ասել Հայաստանի քաղաքական դաշտի մասին»,- արձանագրեց քաղտեխնոլոգն ու այդ համատեքստում  դրական իմաստով առանձնացրեց մեծամասնական ընտրակարգովց առաջադրված մի քանի թեկնածուների քարոզարշավը: «Ես ֆիքսել եմ, թե ում մոտ է քարոզարշավն ավելի ակտիվ. մեծամասնական այն թեկնածուներից, թեկուզ, հենց մեր կոլեգաների՝ Սաթիկ Սեյրանյանի, Գոհար Վեզիրյանի, Սամվել Ֆարմանյանի, որոնք  նոր են քաղաքական դաշտում եւ փորձում մուտք գործել այս ասպարեզ: Իրենք են, որ աշխույժ եւ հետաքրքիր քարոզարշավ են տանում: Օրինակ՝ Սամվել Ֆարմանյանն իր մրցակից  Վլադիմիր Կարապետյանին Ֆեյսբուքով բաց հրավեր արեց  միասին դիտել ֆուտբոլ Չեմպիոնների լիգայի խաղը: Սրանք հետաքրքիր մոտեցումներ են, որոնք դրականորեն տարբերվում են  «կացնային դուշմանությունից»: Համամասնականով էլ նույնն է: «Ժառանգությունն» է շատ հետաքրքիր, որովհետեւ այնտեղ երիտասարդները շատ շատ են: Այնտեղ է Ֆեյսբուքյան հասարակությունը, որը Խորհրդային Միություն չի տեսել:  Րաֆֆին համենայնդեպս տեղացի չի եւ նրա «դրսից» բերած բարեւելը, ժողովրդի մեջ մտնելն այսօր նոր բան է եւ աշխատում է: Մեր քաղաքական գործիչները չեն ուզում առաջ քայլել, ինչպես եղել՝ այդպես էլ հիմա մնում են. հավաքում են մի զանգված ու իրենք կանգնում, կենացներ են ասում, թողնում ու գնում են՝ չհասկանալով, որ հասարակությունը փոխվում է: Հիմա եկել է  մի նոր ընտրող, որը չի տեսել ոչ Խորհրդային Միություն, ոչ 1990-ականների սկիզբը: Դա 21-րդ դարի IPad-ի եւ Iphone-ի, Ֆեյսբուքի սերունդն է եւ ուրիշ բան է ուզում տեսնել: Չկա կենդանի շփում ժողովրդի, զանգվածների հետ չկա: Սա է պակասում, որն ամբողջ աշխարհում կիրառվում է արդեն շատ վաղուց»,- հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով, քաղաքական ուժերը առաջիկա ընտրություններում փորձում են  հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իրենց ուժերը չափել, ու առաջիկա ընտրությունները, նրա ասելով, «ավելի շատ ոչ թե խորհրդարանական ընտրություններ են, այլ նախագահական ընտրությունների համար փորձեր են  ու այն էլ ոչ թե գլխավոր, այլ նախնական: «Սա ընդամենը նախագահական ընտրությունների «քաստինգ» է»,- հայտարարեց Կարեն Քոչարյանը:

 

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30