Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայլուրի» նախկին թղթակցի վկայությունները

Ապրիլ 18,2012 11:22

Հիմա, երբ հայտնի է, որ «ժամանակն է», ինչպես ազդարարում է մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը, փորձենք հասկանալ, թե ժամանակին ինչպես էր նա արտահայտվում ներքոհիշյալ խնդիրների մասին, երբ ղեկավարում էր «Հայլուրը»։

«Ժամանակն է ընտրել պատգամավորի, որն ապրում է մեր հոգսերով ու խնդիրներով»

«Հայլուրի» նորանշանակ տնօրեն Սամվել Ֆարմանյանը երկու տարի առաջ ինձ գործուղել է Շիրակի մարզի Աշոցք համայնք։ Նշանակում է՝ պետական բյուջեի միջոցներ են ծախսվել։ Ինձ հետ են օպերատորը եւ «Հայլուրի» վարորդը։ Երեք օրում պետք է ռեպորտաժ պատրաստենք «Աստծուց մոռացված» մի տարածքի՝ Աշոցքի մասին, որին հիշել է «Հայլուրը»։ Նշանակում է՝ խնդիրներ պետք է վերհանվեն։ Խնդիրները շատ են, ներառյալ՝ արտագաղթ եւ սով։ Ռեպորտաժում պատմում եմ հինգ մանկահասակ երեխա ունեցող մի ընտանիքի մասին, որը բանանը եւ խաղողը տեսել է հեռուստացույցով։ Ռեպորտաժը եթեր չի գնում։ «Ես չէի պատկերացնում, որ էդքան վատ ա վիճակը, ընկեր»,- եթեր չտալն արդարացնում է «Հայլուրի» նորանշանակ տնօրենը։ Նույն օրն ինձ ասում է՝ կարո՞ղ ես էդ ընտանիքի հասցեն իմանաս, բանան ուղարկենք։ Ի դեպ, ինքը՝ Սամվելը, Շիրակի մարզից է:

«Ժամանակն է հասկանալ, որ մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու»

«Հայլուրի» ժողովից – Սամվելին լրագրողներից մեկն ասում է, որ Նուբարաշենում ջրի թունավորումից աղջիկ է մահացել՝ հղի եւ 16 տարեկան։ Լրագրողն ակնկալում է, որ իրադարձությունը կհետաքրքրի հասարակությանը։ Սամվելը կանխում է. «Ես ի՞նչ գիտեմ, ինչի՞ց է մահացել»։ Հետո իր թեման է առաջարկում. «Հետաքրքիր քեյս ոչ ոք չգիտի՞, մի հատ գմփացնենք, բան, մի հատ ընտանիք»։

«Ժամանակն է ձեւավորել խորհրդարան, որը կարտա֊ցոլի մեր ժողովրդի ինտելեկտուալ ներուժը»

2011-ի ամանորի շեմին ձուն թանկացել է ու խանութներից անհետացել։ Իշխանությունները հավաստիացնում են, որ իրավիճակը վերահսկելի է, «հեսա ձուն կլինի»։ Սամվելն ինձ ասում է՝ գնա սուպերմարկետներ, նկարահանիր, որ ամեն ինչ նորմալ է, ձվի դեֆիցիտ չկա, ու ձուն արժե 60-65 դրամ։ Գնում եմ։ Ուշ երեկո է։ Ոչ մի սուպերմարկետում ձու չկա։ Չի էլ եղել։ Խանութներ եմ մտնում որպես մասնավոր այցելու, զրուցում եմ վաճառողների հետ՝ ձու չի եղել ամբողջ օրը, չի էլ լինելու։ Մի քանիսին արդեն դրսում ձայնագրում եմ։ Ու վերադառնում եմ «Հայլուր»։ Սամվելը ծանոթանում է նկարահանածի հետ։ Գտել էի մեկին, որն ասում է, որ Զեյթունի «Երեւան Սիթիից» ձու է գնել հատը 90 դրամով։ «Սուտ ես ասում»,- ինձ է դիմում իմ տնօրենը՝ ինձանից վեց տարով փոքր Սամվել Ֆարմանյանը։ Մեկ այլ կին ասում է՝ այսօր ձու չեմ գնել։ «Մհեր, սուտ ես ասում»,- իրենն է պնդում իմ ինտելեկտուալ շեֆը։ Հետո շարունակում է՝ ձու կա եւ կա առավոտից, հատը 60 դրամ։ Ու կաբինետից զանգում է ինչ-որ Հովոյի, որը հավատացնում է, որ կա եւ արժե 60 դրամ։ Կրկին «գործուղվում» եմ ցանցային խանութներ՝ նոր Նորք, Զեյթուն, Կենտրոն։ Նույն հետքերով։ Հնարավոր է՝ արդեն խանութներում ձու կա։ Ոչ։ Նույն պատմությունն է։ Տնօրենս ճարահատ եթերում լռում է ձվի բարձր գնի եւ դեֆիցիտի մասին։

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30