«Առավոտի» հետ զրույցում, «Ժառանգության» պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքից պատգամավոր առաջադրված Արմեն Մարտիրոսյանը չհերքեց, որ ինքն իր քարոզարշավների ընթացքում հայտարարել է, որ ի’նքն է ընդդիմության թեկնածուն: Մեր դիտարկմանը, թե` ՀԱԿ-ականները սոցցանցերում դժգոհում են` այդ ինչպե՞ս եք համարձակվում ասել, որ դո’ւք եք ընդդիմադիրը, եթե այնտեղ կա ՀԱԿ-ի Ավետ Պողոսյանը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.«Ես ընդհանրապես համարձակ տղա եմ, կարծում եմ` իմ կյանքով դա ապացուցել եմ, եւ որոշների նման վտանգավոր պահերին չեմ թաքնվել, եւ երբ իրավիճակը ի քիչ հստակեցվել է, նոր երեւացել` ուսերին նստած, իբրեւ թե` եկել եմ, ես եմ: Վախենալու խնդիր չունեմ: Այո, ես ասում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչը ես եմ, եւ ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ավագ գործընկերներին ՀԱԿ-ից` Մյասնիկ Մալխասյանին եւ Պետրոս Մակեյանին, որոնք, իմանալով, որ ես առաջադրվելու եմ 6-րդ ընտրատարածքում, չցանկացան խոչընդոտել իմ ընտրապայքարին, ինչի համար ես շնորհակալ եմ, քանի որ եթե նրանք առաջադրվեին, ես մտածելու բան կունենայի: Բայց վերջին օրով բերել դնել ՀԱԿ-ի մի թեկնածուի, որին նույնիսկ Կոնգրեսի ներկայացուցիչները չեն ճանաչում, կարծում եմ, ընդամենը իմ քարոզարշավը խոչընդոտելու համար էր: Որովհետեւ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ մենք իմացել ենք նախօրոք, որ ՀԱԿ-ը թեկնածուներ է առաջադրել, մենք չենք առաջադրվել: Ես դեռ մեկ տարի առաջ էի ասել, որ 6-րդում առաջադրվելու եմ, եւ այս հանգամանքը չնկատելու տալը… հետեւությունները թողնում եմ մեր քաղաքացիներին»:
Այնուհանդերձ, Արմեն Մարտիրոսյանը հաջողություն մաղթեց ՀԱԿ ներկայացուցչին` «հաջողություն եւ բարի ճանապարհ, որեւէ խնդիր չեմ տեսնում, քաղաքական դաշտ է, եւ բոլորն իրավունք ունեն պայքարելու, ուղղակի այդքանից հետո պետք չէ խոսել համատեղ պայքարելու մասին, ընդդիմադիր կեցվածքի մասին եւ այլն…»:
Պարոն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ 6-րդ ընտրատարածքի իր համակիրները տեղեկացրել են, որ ՀԱԿ-ի թեկնածուի քարոզարշավի ընթացքում «քարոզիչները» բնակիչների հետ «բացատրական» աշխատանքներ են տանում, դռնեդուռ ընկած «սեւ փիառ» են անում «Ժառանգության» նկատամամբ, թե` գիտե՞ք, «Ժառանգությունը» ծախված է, հանկարծ ձայն չտաք…
«Ժառանգության» պատգամավորը նաեւ պատմեց, որ սկզբում իր ընկեր եւ կուսակից Ստյոպա Սաֆարյանը մտադիր էր առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում, «սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի մի նախադասություն ասաց, ասաց` Ստյոպա, բայց կարծես թե` այնտեղ Վլադիմիր Կարապետյանն է ուզում առաջադրվել, եւ դրանից հետո միանգամից որոշումը փոխվեց, եւ Ստյոպա Սաֆարյանն առաջադրվեց թիվ 1-ում: Չեմ խոսում Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Մանուել Գասպարյանի մասին, բոլոր այն թեկնածուների մասին, որոնց մասին մենք նախապես իմացել ենք, որ առաջադրվելու են»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ