Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձյալ պարտվեց ՄԻԵԴ-ում՝ ընդդիմադիրների դեմ հալածանքների պատճառով

Ապրիլ 18,2012 00:59

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը ապրիլի 10-ին Հայաստանի դեմ կայացրել է երկու վճիռ, որոնք երկուսն էլ վերաբերում են ընդդիմադիր ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամների դեմ 2004-ի ապրիլին հետապնդումներին: Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության ծավալած հետապնդումների հետեւանքով՝ այժմ հարկատուների միջոցներից այս երկու գործերով պետք է վճարվի ընդհանուր առմամբ 46 100 եվրո՝ իբրեւ փոխհատուցում:

Առաջին վճիռը «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» գործով է: Ընդդիմադիր կուսակցության անդամ Արտակ Գաբրելյանը ձերբակալվել էր 2004 թվականի ապրիլի 8-ին՝ հանրահավաքին մասնակցելու կոչ անող թռուցիկներ բաժանելու համար: Նույն տարվա հունիսին նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի համար:  Արտակ Գաբրելյանը բողոքել էր, որ պետության կողմից նշանակված պաշտպանն իրեն համապատասխան իրավական օգնություն չի տրամադրել, անգամ առանձին չի հանդիպել: Նաեւ բողոքել է, որ հնարավորություն չի տրվել խաչաձեւ հարցաքննության ենթարկելու վկաներին, որոնց ցուցմունքների վրա էր հիմնված մեղադրանքը: ՄԻԵԴ Մեծ պալատն այժմ գտել է, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Եվ եթե երեք ամսվա ընթացքում կողմերը չվիճարկեն այս վճիռը եւ այն դառնա վերջնական՝ Արտակ Գաբրիելյանը կստանա 2500 եվրո՝ ոչ նյութական վնասի եւ 1,600 եվրո՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում:

Մյուս գործը կոչվում է «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի», որով հայտատուներն են Հակոբ Հակոբյանը, Գոռ Մարտիրոսյանը եւ Համլետ Պետրոսյանը: Երեքն էլ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են:  Նրանք ձերբակալվել էին 2004 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ ենթարկվել վարչական կալանքի՝ 4-7 օր ժամկետով՝ կանխելու համար նրանց մասնակցությունը Երեւանում տեղի ունեցող  ցույցերին: Նրանք բողոքել են, թե իրենց կալանավորումն ապօրինի էր, եւ մեղադրանքները՝ արհեստական: Նաեւ պնդել են, թե վարչական վարույթն անարդար էր, քանի որ իրենց գործերը քննել են արագացված կարգով՝ չտալով նախապատրաստության համար բավարար ժամանակ, նաեւ հնարավորություն չեն ունեցել բողոքարկել դատավճիռը:

Եվրոպական դատարանն ընդունել է բողոքի հիմնավորվածությունը՝ խախտված համարելով արդար դատաքննության իրավունքը, նաեւ հաստատված համարել, որ խախտվել է հավաքների ազատության իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Վճիռը վերջնական դառնալուց հետո՝ յուրաքանչյուր դիմողի պետք է վճարվի 7 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի, ու եւս 7 հազար եվրո՝ իբրեւ կատարված ծախսերի փոխհատուցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30