Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն խոստանում է` եթե հաղթի, առաջիկա 5 տարում ՀՀ տնտեսությունը կրկնապատկվելու ու պետբյուջեն էլ եռապատկվելու է

Ապրիլ 17,2012 23:23

 Հայ հեղափոխական դաշնակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանրահավաք էր նախաձեռնել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Արմավիրցիների հետ հանդիպումը, որին ներկա էին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանն ու Արթուր Աղաբեկյանը,  տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական հրապարակում, Մշակույթի կենտրոնի հարեւանությամբ:

Արմավիրում առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը,  որը ներկայացրեց Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ Դաշնակցության տեսլականը, բայց նախ շեշտեց, որ առաջիկա համապետական ընտրություններն ու դրանց արդյունքները որոշիչ են լինելու հաջորդ հինգ տարիներին ինչպես արմավիրցիների, այնպես էլ մեր պետության ապագայի համար: «Այս օրերին դուք լսում եք քաղաքական բազմաթիվ կուսակցությունների ծրագրերը, խոստումներ, հավաստիացումներ, վստահության կոչեր»,- ասաց Մինասյանը: Նա հիշեցրեց. «Երբ ՀՅԴ-ն հանդես էր գալիս կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով,  մասնավորապես՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրինագիծ էր ներկայացրել ԱԺ-ում, որով պետք է սահմանվեր, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները պետք է երաշխավորված  եկամուտ ստանային  սպառողական զամբյուղի նվազագույնից ոչ ցածր, նույն կոալիցիայի  ուժերը դեմ քվեարկեցին այդ նախագծին: Այսօր նրանք բարձրագոչ հայտարարություններ են անում, թե, իբր, կողմ են սոցիալական նպաստների, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացմանը: Մինչդեռ իրենք նույն խորհրդարանում ունենալով քանակական մեծամասնություն՝ առանց որեւէ հիմնավորման դեմ էին քվեարկում Դաշնակցության առաջարկություններին: Նմանատիպ վարքագիծ դրսեւորվեց նաեւ նվազագույն աշխատավարձի սահմանման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ եւ մեր նախաձեռնությունը տապալվեց: Այսօր այդ մեծախոսները՝ սկսած  քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ից մինչեւ ԲՀԿ եւ հատկապես սոցիալիստական պոպուլիզով տառապող ՕԵԿ-ը փորձում են եւս մեկ անգամ մոլորեցնել մեր հանրությանը»: Դաշնակցական պատգամավորը հույս հայտնեց, որ  մեր ժողովուրդը այնքան հասունություն կունենա, որ «ոչ» կասի այդ քաղաքական ուժերին:

Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացման ՀՅԴ ծրագրերին, ապա Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը հստակ ամրագրել է այն թիրախները, որոնց ուղղությամբ տարվելիք քաղաքականության արդյունքում առաջիկա հինգ տարիների ընթացքում «մեր երկրում կստեղծենք 200 հազարից ոչ պակաս աշխատատեղ մասնավորապես արդյունաբերության, փոքր ու միջին բիզնեսի, նաեւ գյուղատնտեսության ոլորտներում»: Պատգամավորն ասաց, թե ՀՅԴ-ն ունի հստակ հաշվարկ, թե յուրաքանչյուր համայնքում  որքան եւ որ ոլորտներում պետք է աշխատատեղեր ստեղծվեն: «Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք ու ընտանիքի յուրաքանչյուր երեխա մինչեւ 7 տարեկան ստանալու է ամենամսյա նպաստ 20 հազար դրամի չափով, իսկ 4 եւ 5 երեխաների դեպքում՝ նաեւ անվարձահատույց բնակարան », -հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ եթե ՀՅԴ-ն ու նրա ծրագիրը հաղթի, «չի լինելու որեւէ մարդ, որը ֆինանսական դժվարությունների պատճառով չկարողանա բուժվել: Մենք երաշխավորում ենք մեր քաղաքացիների առողջության իրավունքների ամբողջական իրացումը», նաեւ Դաշնակցության անունից խոստացավ վճարել քաղաքացիների կուտակած ավանդները՝ դրանք ծառայեցնելով տեղական արտադրության խրախուսմանը: ՀՅԴ-ն ասում է, որ իր հաղթանակի դեպքում առաջիկա 5 տարիներին Հայաստանի տնտեսությունը կրկնապատկելու է իր հնարավորություններն ու եռապատկելու պետական բյուջեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30