«Քվեարկեք կիրթ, գրագետ մարդկանց օգտին: Ազգային ժողովը լալերի տեղը չէ: Ազգային ժողով պետք է գան գրագետ, ասելիք ունեցող, ժողովրդի դարդն ու ցավը կիսող մարդիկ: Մարդիկ, որոնք ունեն մտահոգություն ու պատասխանատվության զգացում»,- այսօր արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ հավաքվածներին կոչ արեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, ԱԺ-ում կան մարդիկ, որոնք 20 տարվա ընթացքում 10 նախադասություն չեն ասել.«Ազգային ժողովում պետք է լինեն մարդիկ, որոնք ակտիվ կեցվածքով, հստակ հարցադրումներով պետք է կարողանան լուծել երկրի, ժողովրդին հուզող խնդիրները»: Պարոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք ազգին ներկայացրել են մրցունակ ծրագիր. «Օրինաց երկիր» կուսակցությունը իր բնավորությամբ անհանգիստ քաղաքական ուժ է, թիկունքում վիթխարի աշխատանք է կատարված… Մենք ժողովրդի մատի փուշը հանողն ենք, մենք ուզում ենք, որ հայ մարդը իր երկրում կարողանա հասնել հաջողության»:
Նա նաեւ հավաքվածներին կոչ արեց ապրիլի 20-ից ուշադիր հետեւել իր ելույթներին ու ընտրել «Օրինաց երկիրին»՝ բացատրելով, որ իրենց քվեարկելով քվեարկում են լուսավոր հաջողությունների օգտին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ