Երեկ Արթիկի կենտրոնական հրապարակում Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը իր «զեմլյակների» մոտ մի բոցաշունչ ելույթ ունեցավ` դատապարտելով այն «թալանչիներին», ովքեր ընտրակաշառք են բաժանում ու ընտրություններից մի քանի օր անց` ժողովրդի ջանից են հանում: «Արթիկը տարածաշրջանում միշտ տարբերվել է բոլոր համայնքներից, այստեղ մտավորականը արժեք է ունեցել, քաղաքական ուժերը համագործակցել են, քաղաքականցված է եղել Արթիկը տարածաշրջանում: Ես կուզենայի, որ այս ոճով արթիկցիները նորից ոտքի կանգնեն, նորից հիշեն այն օրերը, որ առաջին ջոկատները ձևավորեցին և Արցախը ազատագրեցին, եկեք նույն ազատագրումը փորձենք իրականացնել ամսի 6-ին: Արաբական երկրների արյունաթափությունը մոտենում է տարածաշրջանին: Մի օր հասնելու է էստեղ, եղբայրասպանությունը, եկե’ք, այդ հեղափոխությունը անենք ամսի 6-ին, միաձայն , մեկ գրիչով, հակառակ դեպքում մեկ տարի հետո, երկու տարի հետո լինելու է եղբայրասպանությունը: Եկեք, այդ օր կատարենք հեղափոխությունը»,-կոչ արեց Շիրակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան` հույս հայտնելով, որ մայիսի 6-ից հետո իշխանափոխություն կլինի:
Այնուհետ Ռոմիկ Մանուկյանը անցավ բարեգործական սնունդների ու վառելիքի թեմային: «Հուսանք, որ ամսի 6-ից հետո չեն լինելու այն բարեգործական սնունդների, վառելիքի գների աճը, որը փոխվեց ընտրակաշառքի. 5000-ով դիզվառելիք տվեցին, 2000-ով այս օրերերին թանկացրեցին, շաքարավազը երկու տարի առաջ 250 դրամ էր, հիմա արդեն մոտենում է 500 դրամի, ահա այս առևտրի, թալանի արդյունքով է, որ վերադարձնում են ձեզ: Մի շաբաթվա ձեր առևտուրը վերածվում է 10 000 դրամի և մի շաբաթվա համար դուք տուժվելու եք ևս 5 տարի», -եզրափակեց նախկին մարզպետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ