Ապրիլի 17-ին Իջեւանում կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:
Նիստում որպես վկա հարցաքննվեց Գարեգին Սայադյանը: Ռուսական կրթությամբ, թերի բարձագույն կրթություն ունեցող Գ. Սայադյանը վերոհիշյալ զորամասում ծառայել է որպես գրագիր: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, գործով ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, ամբաստանյալներից կապիտան Հակոբ Մանուկյանը եւ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը հարցեր տվեցին վկային: Վերջինս խոսում էր ցածր ձայնով, վախվորած էր նայում իր նախկին ծառայակիցների դեմքերին:
Նա շատ բաներ հիշում էր, սակայն բազում դեպքերում, երբ դժվարանում էր հարցերին պատասխանել, պատճառաբանում էր, որ շուրջ երկու տարի է անցել, չի հիշում: Երբեմն այնպիսի մանրամասներ էր պատմում, որոնք ներկաների կասկածն էին հարուցում: Օրինակ, Գարեգին Սայադյանն ասաց, որ 100-150 մետր հեռավորությունից զոհված Արտակ Նազարյանի դեմքին արյուն է տեսել, հետո էլ հավելեց, թե հեռավորությունը գուցե շփոթում է: Նա 9 օր գտնվել է Բերդի ռազմական ոստիկանությունում, նույն խցում եղել է գործով այլ վկաների հետ, ինչը քրեական դատավարության օրենսգրքի խախտում է: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիոսյանը վկային բազմիցս խորհուրդ տվեց դատարանում ճիշտ ցուցմունքներ տալ: Իրավապաշտպանը նրա պատասխանները լսելուց հետո, մատնացույց անելով ամբաստանյալներին, Գ. Սայադյանին ասաց. «Նաեւ ձեր ստերի պատճառով են այդ մարդիկ հայտնվել այստեղ»:
Գարեգին Սայադյանը հայտնեց, որ 2010թ. հուլիսի 27-ի գիշերն ինքը Արտակ Նազարյանի հետ սուրճ է խմել, մինչդեռ դատաբժշկական փորձաքննությամբ Արտակի մարմնում ոչ թե սուրճ, այլ՝ ալկոհոլ է հայտնաբերվել: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց՝ ինքը միջնորդելու է, որպեսզի սուտ վկայություն տալու համար Գարեգին Սայադյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի: Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, նույնպես չէր հավատում վկայի ցուցմունքներին եւ դահլիճից ռեպլիկ հնչեցրեց. «Գյուլնազ տատի հեքիաթն ես պատմում, սաղիդ կարելի է հավասար նստեցնել»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Մանվել Մխիթարյանը, լսելով վկայի ցուցմունքները, նույնպես չդիմացավ: Մանվելի վկայությամբ, դատից առաջ, հանդիպելով իրեն, Գ. Սայադյանը հավաստիացրել էր, որ ամբաստանյալ զինվորները մեղք չունեն, եւ ինքը դատարանում կասի ճշմարտությունը: Կարգ խանգարելու պատճառաբանությամբ դատավոր Սամվել Մարդանյանը դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հանել Մանվել Մխիթարյանին: Դատավորի որոշումով վերջինս այլեւս չմասնակցեց ապրիլի 17-ի նիստին: Աշխատանքային օրը վերջացավ, սակայն Գարեգին Սայադյանի հարցաքննությունը չավարտվեց: Դատավոր Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 18-ին, ժամը 12-ին:
Ոսկան ՍԱՐՍԳՍՅԱՆ