Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: Այսօր ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ:
Գորիսում Սերժ Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են մեր կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր: «Մենք հավակնոտ ենք: Բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը մեր տունն են, և մենք ուզում ենք տուն վերադառնալ: Ես իրավունք ունեմ ասել այս խոսքերը Սուրբ Գրիգոր Տաթևացու տանը, որ քրիստոնյա աշխարհի ամենամեծ աստվածաբան փիլիսոփաներից մեկն է: Մշակույթը միայն արվեստի գործերը չեն: Լայն առումով այն հզոր զենք է, որին տիրապետում էին մեր մեծերը: Այն մեզ պաշտպանում է նույնիսկ հազար տարվա հեռվից: Բայց մեզ նոր ու ժամանակակից զենքեր են պետք: Պետականության արդիական մշակույթ. Ահա՛ մեր նոր տունը, ահա՛ մենք ուր ենք գնում և ուր ենք առաջնորդում ձեզ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Կուսակցության ղեկավարի խոսքով, այս լուրջ պահին չեն կարող լինել մերոնքականներ և ձերոնքականներ: «Մեզ պատգամել են. «Մի ժողովուրդ` մի ընտանիք. ազգերի մեջ գուցեև միայն դո՛ւ իրավունք չունես ներքուստ պառակտված լինելու»: Նժդեհն է պատգամել: Իսկ մենք ասում ենք, որ ահա այս միակամ ընտանիքն է, որ կարող է տուն վերադառնալ»,-Գորիսում ասել է ՀՀԿ նախագահը:
Սիսիանցիներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է անցած մի քանի տարիներին կառավարության կողմից տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության ուղղությամբ իրականացված քայլերը, դրանց արդյունքներն ու շարունակական ծրագրերը, որոնք, Հանրապետական կուսակցության նախագահի հավաստմամբ, ամբողջությամբ ուղղված են յուրաքանչյուր քաղաքացու հոգսերի թեթևացմանն ու կյանքի պայմանների բարելավմանը: «Մենք ասում ենք «արդարություն յուրաքանչյուրի համար», ասում ենք «յուրաքանչյուրին հարմար հարկային համակարգ և գործարար միջավայր», ասում ենք «բարձրակարգ առողջապահություն յուրաքանչյուրի համար» և զարգացող գյուղատնտեսության նպատակը կապում ենք հարմարավետ գյուղի գաղափարի հետ: Սիրելի՛ սիսիանցիներ, մեզնից յուրաքանչյուրը՝ մեր պետությունն է: Եթե մենք դա չհասկանանք, լավ պետություն երբեք չենք ունենա: Միայն ու միայն այդ գիտակցությամբ կարող ենք մեր պետությունը զարգացնել: Այլ ճանապարհ չկա, մյուս ճանապարհները շատ վտանգավոր են: Մենք պետք է լինենք բոլորը՝ մեկի և մեկը՝ բոլորի համար: Դա է Հանրապետականը քարոզում: Այդ ուղերձով ենք մենք ներկայանում հասարակական-քաղաքական հարբերություններում, այդ տրամաբանությամբ ենք կառուցում մեր սոցիալական քաղաքականությունը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ինչպես Գորիսում, այնպես էլ Սիսիանում և Սյունիքի մարզի այլ բնակավայրերում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահը խոսել է հանդուրժողականության մթնոլորտում լավ ընտրությունների անցկացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ լավ ընտրություններ անցկացնելը հերթական քայլն է դեպի իրականություն, որը բոլորս միասին ենք ուզում կառուցել: Սերժ Սարգսյանը հաջողություն և ամուր հավատ է մաղթել սյունեցիներին:
ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու՝ թե՜ տնտեսական, թե՛ մշակութային: Քայլելու է 21-րդ դարին համընթաց. «Ունենալու ենք նորոգ ու երիտասարդ Սյունիք, որ նույն Գրիգոր Տաթևացու և Դավիթ Բեկի Սյունիքն է, Օրբելյանի և Մխիթար Սպարապետի Սյունիքն է, Բակունցի և Ադոնցի Սյունիքն է, մե՛ր Սյունիքն է, բայց` ավելի լավը: Հավատա՛նք, որ փոխենք»,-սյունեցիներին կոչ է արել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ մամուլի ծառայություն