Այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախըտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրախախտումների մասին, տեղեկացրեց, որ ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած հաղորդում դառնալու է քննարկման առարկա. «Ցանկացած հաղորդում դառնալու է քննարկման առարկա, եթե կպարզվեն անձի կողմից նշված հանգամանքները, շարժառիթները, կտրվի համապատասխան ընթացք»:
Մարզի դատախազը կարեւորորում է այն հանգամանքը, որ չնայած իրենք օպերատիվ աշխատանք են իրականացնում, այնուամենայնիվ, բնակիչները նույնպես անուշադիր չլինեն, ցանկացած ընտրախախտման դեպքում դիմեն: Նա սակայն պահանջեց, որ քաղաքացիների` ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները լինեն առարկայական, ոչ վերացական:
«Հաղորդումը պետք է պարունակի կոնկրետ դեպք, ոչ թե, ասենք, այս կամ այն տեղամասում, փողոցում ընտրակաշառք է բաժանվում տեղեկատվությամբ»,- բացատրում է Կարեն Շահբազյանը:
Թեեւ Լոռու մարզում պաշտոնապես չեն գրանցվել հաղորդումներ` կապված տուն այցելությունների, անձնագրային տվյալներ վերցնելու եւ այս կամ այն կուսակցությանը ընտրելու հորդորման հետ, այնուամենայնիվ, մարզի դատախազը կարեւորում է նաեւ այս կարգի ընտրախախտման դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը. «Նման դեպքում, երբ կամքին ցանկացած եղանակով` շահահրգռելու կամ այլ, փորձ է արվում կամքը թելադրել, խնդրում եմ ընտրողներին ահազանգել»:
Կարեն Շահբազյանը տեղեկացրեց, որ լրատվության բոլոր միջոցները եւս ուշադրության կենտրոնում են, որպեսզի ընտրախախտման վերաբերյալ ցանկացած հաղորդում ստուգվի եւ ընթացք տրվի:
2012 թվականի ԱԺ ընտրությունների նախըտրական ժամանակահատվածում Լոռիում գրանցվել է ընտրախախտման վերաբերյալ մեկ հաղորդում` թիվ 32 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի` նախընտրական գովազդային պաստառի տեղադրմանը խոչընդոտելու հանգամանքի հետ կապված:
«Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժմուն դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»,-տեղեկացրեց մարզի դատախազը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր