Մեր հրապարակումներից մեկում խոսել էինք, թե ինչպիսի կանանցից են խուսափում տղամարդիկ, իսկ այժմ գրում ենք ճիշտ հակառակ երևույթի մասին:
Կինը կամ սիրում կամ ատում է. նա չգիտի միջինը… (Պուբլիլիի Սիհ): Կանայք չեն սիրում չափազանց զգացմունքային տղամարդկանց, ովքեր հաճախ խղճահարություն են առաջացնում նրանց մոտ: Հոգեբան Անի Հովսեփյանը դա բացատրում է այսպես. «Կինը գրեթե միշտ փորձում է իր համար հոգևոր պաշտպանիչ հենարան գտնել, այդ իսկ պատճառով նա սիրում է ուժեղ, կայուն բնավորության տեր, ինքնավստահ, բայց ոչ մեծամիտ տղամարդու. դա նրան մեծ ուժ է հաղորդում»: 20-ամյա Լուսինեն էլ պատմում է` 2 տարի է, ինչ բաժանվել է իր ընկերոջից. «Ես համբերություն ու նյարդեր չունեմ երեխա դաստիարակելու: Ես նրան հրամաններ էի տալիս, գոռում էի նրա վրա, այնպիսի տպավորություն էր կարծես նա էր իմ ընկերուհին: Լավ է, որ շուտ հասկացա` նրա հետ անհնար կլիներ ընտանիք կազմել. ինձ հաստատ դուր չէր գա հիմար ու խեղճ ամուսին ունենալը» :
Կինը տանել չի կարողանում ձանձրույթը, միապաղաղությունը: Նա որոնում է անկեղծ շփում ու միշտ անակնկալների է սպասում: Կանայք խուսափում են նաև ժլատ տղամարդկանցից: «Կինը մտածում է `եթե ընկերություն անելու ընթացքում տղամարդը իր համար բավարար գումար չի ծախսում, ուրեմն ամուսնական կյանքում ամեն բան տնտեսելով են ապրելու: Նույնիսկ կանանց մի տեսակ կա, որոնց համար նվերներն ու անակնկալները չափանիշ են համարվում, այսինքն եթե տղամարդը այսքան կան այնքան բան արեց, ուրեմն այդքան էլ սիրում է իրեն» ,-ասում է հոգեբանը:
Կինը միշտ հետևում է տղամարդուն, նրա և շրջապատի հարաբերությունները: Նա տանել չի կարողանում, երբ տղամարդը այլ կանանց հասցեին վատ բաներ է ասում: Հոգեբանի խոսքով`դա նույնիսկ դիտվում է որպես անձնական վիրավորանք: Նրանք տանել չեն կարողանում նաև «կառավարիչներին» `մանավանդ երբ հենց սկզբից էլ տղամարդը մի մեծ ցուցակ է ներկայացնում կնոջը և ասում `ի՞նչ անել, ի՞նչ չանել: «Ես որոշել եմ համալսարանս ավարտելուց հետո մեկնել Շվեյցարիա` ուսումս շարունակելու: Հույս ունեմ կհանդիպեմ մեկին, ում հետ այնտեղ ընտանիք կկազմեմ, իսկ մեր հայ տղաների հետ ընդհանրապես պլաններ չունեմ, ես զզվել եմ նրանց բողոքներից ու հրամաններից, չնայած գիտեմ`մենք` աղջիկներս ենք մեղավոր, քանի որ նրանց լիդերներ ենք դարձրել»,-ասում է 21-ամյա Լիանան:
Կինը նաև մեծ ուշադրություն է դարձնում տղամարդու հագուկապին: Բավական է նրա կոշիկները մի փոքր կեղտոտ լինեն և նա միանգամից կարող է հիասթափվել: «Հիմնականում կանայք սիրում են կոկիկ, մաքուր, խնամված տղամարդկանց, որոնց հետ իրենց ընկերների կողքին չամաչեն: Սակայն կան նաև այնպիսիները, որոնք կարող են առաջին հայացքից սիրահարվել անթրաշ, շփերթ տղամարդու: Դա պայմանավորված է կնոջ հոգեբանությամբ, ինչպես նաև ՝տարիքային առանձնահատկությունով»,- ասում է հոգեբանը: Նա նաև հավելում է `կանայք խուսափում են անլուրջ, ցինիկ և թեթևամիտ տղամարդկանցից, որոնք միյան մտածում են սեռական հարաբերությունների մասին:
Նազենի Բաղդասարյան