Այսօր, Կովկասի ինտիտուտում կայացավ «Կուսակցութունների նախընտրական խոստումներ» թեմայով մամլո ասուլիս, որի ընթացքում ինստիտուտը ներկայացրեց հետազոտողների խմբի կողմից 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական խոստումների վերլուծությունը՝ հիմնված ԶԼՄ-ներում եւ կուսակցությունների պաշտոնական կայքերում հրապարակված նյութերի վրա:
Հետազոտական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը նկատեց, որ մոնիթորինգի արդյունքում առավել ակնհայտ էր ոչ թե նախընտրական ծրագրերի նպատակաուղղված բովանդակությունը, այլ կուսակցությունների ուժային պայքարը. «Մոնիթորինգի նպատակն է՝ ԶԼՄ-ների, կուսակցություների եւ ընտրողների ուշադրությունը հրավիրել ազատ ընտրությունների անցկացմանը եւ քաղաքական պայքարի արդյունքում նոր ԱԺ-ի ձեւավորմանը»: Հետազոտող խումբն ուսումնասիրել է բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը եւ դրանց լուսաբանումը ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ «Ազգ», «Առավոտ», «Հայոց Աշխարհ», «Երկիր», «news.am», «lragir.am», «hetq.am»: «Ակնհայտ էր, որ կուսակցությունների մեծ մասը շեշտը դրել է պետական համակարգի, տնտեսության, առողջապահության, կրթության եւ բնապահպանության զարգացման, ինչպես նաեւ՝ սոցիալական խնդիրների լուծման վրա: Բոլորը նշում են բարեփոխումների իրականացման ծրագրեր, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացնեն»,-ասաց հետազոտության մասնակից Հրանտ Միքայելյանը:
Անդրադառնալով ԶԼՄ-ների լուսաբանումներին, Ն. Իսկանդարյանը նշեց. «Մենք վերլուծել ենք քաղաքական գործիչների տված հարցազրույցները եւ հրապարակումները: Մեծ մասամբ լրագրողները ներկայացրել են ծրագրերի ընդհանուր դրույթները՝ բաց թողելով քաղաքական գործիչների մանրամասն պարզաբանումները դրանց վերաբերյալ»,-հավելեց Ն. Իսկանդարյանը: Նա նաեւ նշեց, որ «Առավոտն» ու «Հայոց Աշխարհն» առանձնացել են նախընտրական ծրագրերի վերլուծությամբ եւ համեմատությամբ: Մոնթթորինգն իրականացրած խմբի անդամներից Տաթեւ Սարգսյանը նկատեց, որ քաղաքական ուժերը պատրաստ չեն կոնկրետ դրույթներ ներկայացնել հանրությանը, ինչը դժվարացնում է ընտրողի գործը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ