«Ընտրություններն ու քարոզարշավը պարզապես շոու է աշխարհի բոլոր երկրներում: Կարծում եմ, դա ոչինչ չի տալիս ընտրությունների բուն օրվա հետ կապված: Այսինքն՝ մարդիկ կարող են գնալ, լսել թեկնածուներին, համերգ նայել, ջեմ ու կոնֆետ վերցնել կամ չվերցնել, բայց մայիսի 6-ին, անկախ կոնֆետներից ու ջեմերից, կկատարեն իրենց ընտրությունը: Հուսով եմ, որ այդպես կլինի ու եթե այսպես լինի, կնշանակի՝ մեր հասարակությունն ունի քաղաքացիական այն գիտակցությունը, որ ինքը կարող է, իրավունք ունի եւ ուզում է ընտրություն կատարել: Միայն այս դեպքում մենք մայիսի 6-ին իսկապես հաղթանակ կնշենք, այսինքն՝ մեր քաղաքացիական հասարակության հաղթանակը, որ նա ընտրություն կատարեց ոչ թե շոուների, դհոլ-զուռնաների ազդեցության տակ, այլ քաղաքական գիտակցությունից ելնելով»,- ասում է ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Առավոտ» թերթի նախկին աշխատակից Մարգարիտ Եսայանը, որի մեկնաբանմամբ՝ նախընտրական բոլոր հոլովակները , հանդիպումներն ու խոստումները նորություն չեն, բնական է, բայց նաեւ հասարակությունից է կախված, թե որքանով լուրջ կնդունվի:
Մարգարիտ Եսայանը հորդորեց. «Շատ լուրջ չընդունել ցանկացած խոստում, որովհետեւ լեզվի տակ ոսկոր չկա: Խնդիրն այն է, թե որքանով կիրականացվեն այդ խոստումները»:
Խոսելով քարոզարշավից՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ այս անգամ քարոզարշավը բավականին գրագետ է ընթանում, պատճառը, ըստ Եսայանի, հետեւյալն է՝ «Շատ մտածող մարդիկ են մասնակցում ընտրություններին, առաջին հերթին նկատի ունեմ լրագրողներին, որովհետեւ անգամ եթերում ավելի շատ խոսում են լրագրող թեկնածուները: Նկատելի է նաեւ այն, որ այսօր իրար հասցեին ցեխ շպրտելը պակասել է: Ամեն դեպքում պետք է հիշել, որ Հռոմը մեկ օրվա ընթացքում չի կառուցվել: Անընդհատ վատ բան տեսնելու միտումը պետք է մեր միջից հանենք եւ եթե ինչ- որ լուսավոր կետ ենք նկատում՝ բռնենք դրանից: Եթե ուզում ենք մեր երկիրը երկիր դարձնել, պետք է բռնենք այդ լուսավոր կետից ու բոլոր վատ բաների հերն անիծենք»:
ԴԵՄԿՈՒՍ-ի ցուցակով առաջադրված, «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը եւս շեշտեց, որ քարոզարշավը խաղաղ ու բարեկիրթ է ընթանում, չհաշված որոշ միջադեպեր: Մարտիրոսյանը պատմեց՝ «կուսակցությունը հանդիպում ուներ նախատեսված հանրակացարաններից մեկի բնակիչների հետ: Բայց գնալուց առաջ մեզ զանգեցին ու ասացին՝ երեկ ՕԵԿ-ը կոնֆետներ է բաժանել, դուք ինչ եք բերում: Ցավալի է: Մեր նպատակն է փոխել համակարգը, որովհետեւ ուռճացողները գոնե պետք է համեստ լինեն, կամ կասեցվեն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ