«Քարոզարշավի փուլում արդեն կարող ենք արձանագրել ընտրախախտումների մասին: Մասնավորապես այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված, հասցրել են պոկել իմ պաստառները: Ֆիքսել ենք՝ դա անում են ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանի կողմնակիցները, իմ պաստառը պոկելով վրան փակցնում նրանը: ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանի մարդիկ էլ ջանք չեն թափում պոկել իմ պաստառները, պարզապես իմի վրայից նրանն են փակցնում: Ես նկարահանված դեպքերով ունեմ, գնում եմ ոստիկանություն հայտարարություն տալու, ահազանգելու եմ նաեւ դատախազության թեժ գծին»,- լրագրողներին հայտնեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը:
Վեզիրյանի ձեւակերպմամբ՝ այս ընտրատարածքում ոստիկանությունը ոչ մի գործողություն չի իրականացրել, այն դեպքում, երբ ինքը 3 օր զանգահարել, տեղեկացրել է իր պաստառների մասին:
«Ես բազմիցս բանավեճի եմ հրավիրել Լյովա Խաչատրյանին, որովհետեւ կարծում եմ՝ նա է իշխանական թեկնածուն այդ ընտրատարածքի, ես նրան եմ համարում իմ մրցակիցը: Ինչ վերաբերվում է փողին, ապա այս գործոնը մեր ընտրատարածքում էլ կա. որ թաղամաս մտնում ես, բնակիչն արդեն գույքագրված է, մեկին տաղավար են խոստացել, մյուսին ֆուտբոլի դաշտ, ինձնից էլ ասֆալտ են ուզել»,- ասաց Վեզիրյանը, որի կարծիքով մարդիկ առաջնորդվում են «շնից մազ պոկելն է քյար» սկզբունքով:
Կարդացեք նաև
«Եթե 10-ից երեքը հավատա ինձ եւ գա իմ ետեւից, ես ջախջախիչ հաղթանակ կտանեմ»,- համոզված է Վեզիրյանը: Ըստ նրա. «Այս անգամ տեղամասերում ձայն պահելու խնդիր չի լինելու, հիմա ընտրությունների կեղծման գործընթացը տեղամասից դուրս է լինում, որովհետեւ այս փողային խոստումների ամբողջ շքերթը, քարոզչական անհավասար մրցակցային հնարավորությունները, հիմք են տալիս պնդելու, որ ընտրություններն այս պահից սկսած կեղծվում են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ