«Ի տարբերություն պառլամենտում հայտնված շատ պատգամավորների, որոնք քաղաքականությունից են գնում դեպի քաղաքացին, լրագրողները քաղաքացուց են գնում դեպի քաղաքականություն, լավատեղյակ են քաղաքացու խնդիրներին, տիրապետում են բոլոր հարցերին՝ պատգամավորներից էլ լավ: Լրագրողները մեծ դերակատարություն կունենան ոչ միայն խոսքի ազատության պահպանման, այլեւ մարդու օրվա հարցերը բարձրաձայնելիս, որովհետեւ, երբ բարձրաձայնում ես, նշանակում է՝ արդեն գործի կեսն անում ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Բանախոսը ներկայացնելով քարոզարշավի ընթացքը՝ նշեց, որ նախ իր մրցակիցներին չի նայում ըստ սեռային պատկանելության. «Ես երկու թեկնածուների՝ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի եւ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի հետ եմ տեսնում քաղաքական պայքար: Երկու անգամ առաջարկ է եղել բանավիճել մրցակիցներիս հետ, բայց նրանք հրաժարվել են: Դրանից ավելի քաղաքակիրթ պայքարի միջոց ես չեմ պատկերացնում: Ինչ վերաբերում է իշխանական թեկնածուին, ապա հանձինս Արտակ Սարգսյանի ես ՀՀԿ-ի՝ իշխանությունների կողմից նվեր ունեմ ինձ: Ես պատրաստ եմ բանավիճել ցանկացածի հետ: Իշխանական թեկնածուն հրաժարվում է ոչ միայն բանավեճից, այլեւ մի բառ ասելուց: Այդ թեկնածուն իր հույսը դրել է փողի վրա, որը ձեռք է բերել ստվերային գործունեության եւ հարկերից ազատվելու միջոցով. Այսինքն՝ մեր հաշվին»: Սաթիկ Սեյրանյանի խոսքերով՝ փողարշավ է տեղի ունենում, բայց ինքը պայքարելու է փողի ու իշխանական լծակների դեմ, քանի որ այնտեղ ուրիշ արժանիք չի տեսնում:
«Ասել, թե քարոզարշավը խաղաղ է ընթանում՝ սխալ կլինի: Պարբերաբար իշխանությունների, ոստիկանության կողմից ճնշումներ են լինում»,- հավելեց Սեյրանյանը՝ նշելով, որ իրավունք եւ համարձակություն չունի մեղադրել այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք են վերցնում: Ավելին՝ Սաթիկ Սեյրանյանը համոզված է՝ «լավ օրից չի, որ վերցնում են ջեմը, կոնֆետն ու ընտրակաշառքը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ