Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը համագործակցում է ՀՀԿ-ի դեմ պայքարող բոլոր ուժերի հետ

Ապրիլ 17,2012 16:00

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայան . – Հայ ազգային կոնգրեսը իր քարոզարշավի ընթացքում իշխանական երկու ուժերի` «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցության հասցեին անվանական մեղադրանքներ է հնչեցնում, այնինչ «Բարգավաճ Հայաստան»-ին անդրադարձ չեք կատարում: ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին Ձեր քաղաքագիտական վերլուծությունը դեռեւս ուժի մե՞ջ է:

Լեւոն Տեր-Պետրոսյան. – Լուրջ քաղաքագիտական դիրքորոշում է: «Ժառանգության», Դաշնակցության եւ ԲՀԿ-ի հետ Կոնգրեսը ստեղծել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ: Այսինքն այդ կուսակցությունների մեր գործընկերներն են, որոնց հետ մենք համատեղ աշխատանք ենք կատարում արդեն ընտրություններ անցկացնելու համար, եւ շատ բնական է, որ մեր գործընկերների նկատմամբ հակաքարոզչություն չենք իրականացնելու, վիրավորանքներ չենք հասցնելու, անձնական որակումներ չենք տալու: Այո’, մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է եւ «Օրինաց երկիր»-ը: Եթե «Օրինաց երկիր»-ն էլ գար, մասնակցեր միասնական շտաբի աշխատանքներին եւ պայքարեր արդար ընտրությունների համար մեզ հետ միասին, բնականաբար, նա էլ կմտներ նույն ցանկի մեջ: Իսկ թե ինչու ենք տարբերում դա, շատ հասկանալի պատճառով. «Օրինաց երկիր»-ը եղել, կա եւ հայտարարում է, որ այսուհետեւ էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: «Բարգավաճ Հայաստան»-ը այդպիսի բան չի հայտարարում: Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն կլինի եւ դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք եւ չազատվենք Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միապետությունից:

«Ազատություն» ռ/կ. – Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի` ավելի հեռուն գնացող ծրագրերը մեջ տեսնո՞ւմ եք, օրինակ, հաջորդ կոալիցիայի մեջ չմտնելը:

Լեւոն Տեր-Պետրոսյան. – Հեռուն գնացող ոչ մի բան չեմ ուզում տեսնել այսօր: Այսօր մենք ճակատամարտի մեջ ենք հանցավոր ռեժիմի հետ եւ այդ հանցավոր ռեժիմը տապալելու, նրանից ազատվելու բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք: Ես նկատի ունեմ սահմանադրական, օրինական հնարավորությունները:

«Ազատություն» ռ/կ. – Եթե Ազգային ժողովում մեծամասնություն չկազմեք, ո՞ւմ եք տեսնում ձեզ դաշնակից:

Լեւոն Տեր-Պետրոսյան. – Բոլորին տեսնում ենք, ովքեր կցանկանան մեզ հետ դաշնակցել: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք: Ով չի համաձայնի, թող գնա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ:

Աստղիկ Բեդեւյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30