Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր փոխանցիկ Մասիս սարերը

Ապրիլ 17,2012 15:35

Ժողովուրդը գնում է նրա ետեւից, ում ուզում է ընդդիմադիր տեսնել: Այս ընտրություններում համազգային  առաջնորդի դերը վերապահված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հետագա տարիներին այդպիսի առաջնորդ կարող են լինել անգամ Սերժ Սարգսյանը եւ, ինչ-որ հրաշքով նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը: Փորձենք տեսնել, թե ովքեր ինչ պայմաններում են եղել գլխավոր ընդդիմադիրը Հայաստանում:

1996-ին նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը նախագահի ընտրությունների գլխավոր ֆավորիտն էր: Որովհետեւ արմատական ընդդիմադիր էր: Բոլորին տեսանելի էր մեկը, ով նախագահին գիտի իշխանության ներսից, եղել է վարչապետ, ղեկավարել է բանակը: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, փոքր-ինչ մատչելի է երեւում: Սակայն բոլորին հրապուրում էր նրա ագրեսիվ համոզչականությունը: Նրա խոսքերում զոհեր էին ուրվագծվում: Մարդիկ արյուն էին ուզում եւ կարծում էին, որ Մանուկյանը կտա այդ արյունը: Ընտրությունները կեղծվեցին, Մանուկյանը ժողովրդին առաջնորդեց մինչեւ Ազգային Ժողովի դարպասներն ու անհայտացավ: Ժողովուրդն ինքն ապարդյուն փորձեց թափել այն արյունը, որը պահանջում էր Վազգեն Մանուկյանից: Մի քանի կաթիլ թափվեց: Վազգեն Մանուկյանն անհայտացավ եւ 1998-ի նախագահի ընտրություններում մի կերպ էր հաշվում իր քվեները: Նրա գնացքը հեռացել էր:

98-ին ամբողջ ազգը գրեթե մեկ մարդու նման ընտրեց Կարեն Դեմիրճյանին: Մարդիկ արդեն արյուն չէին ուզում, որովհետեւ ցանկացածի ընտրությունն էլ իրերի տրամաբանության մեջ էր՝ ով էլ ընտրվի, արյունն ինքնաբերաբար կլինի, քանի որ Տեր-Պետրոսյանն այլեւս ընտրապայքարի մասնակից չէ: Կարեն Դեմիրճյանին նույնպես մարդիկ տեսել էին իշխանության մեջ, 1998-ին վերադարձավ Նահապետի ուսադիրներով: Նախորդել էր Տեր-Պետրոսյանին եւ հեռացվել որպես Կրեմլի համար ոչ ցանկալի ղեկավար: Բոլորը մտածում էին, որ նրա միտքը եւ տնտեսական ընկալումները ավելի մեծ Հայաստան խելքի բերելուն կհերիքեն, քան բուն Հայաստանի տարածքն է: Ընտրվեց եւ հանգիստ թողեց իր քվեները կեղծողներին: Այսինքն, տեր չկանգնեց իր իշխանությանը, որը վերցրել էր ըստ էության առանց մատը մատին խփելու: Կարեն Դեմիրճյանին ներվեց իր առաջնորդության հանդեպ իր իսկ ակադեմիական անտարբերությունը: Միակն էր, ում ռեաբիլիտացիայի հնարավորություն տրվեց 1999-ի ԱԺ ընտրություններում: Պարզվեց՝ ոչ իզուր: Նա զոհ էր:

2003-ին ժողովուրդն իր քվեն տվեց Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին: Նա ընտրվեց ՀՀ նախագահ: Երեք ամիս հետո նույնպես նրա գլխավորած քաղաքական ուժը՝ ՀԺԿ-ն ընտրությունների առաջատարն էր: Տեղի ունեցավ անսպասելին՝ ժողովուրդն ինքը տեր չկանգնեց իր քվեին: Նա փոփոխություն էր ուզում ՀԺԿ-ի դեմքով, բայց արդեն գիտեր՝ եթե կեղծվեցին ընտրությունները, ինքը մնալու է առանց առաջնորդի: Այսպիսով, ընդդիմադիր Ստեփան Դեմիրճյանին նույնպես վստահվել էր իշխանություն, որին նա տեր չկանգնեց:

2007-ի ԱԺ ընտրությունների ոչ բացահայտ, բայց ընդդիմադիր տրամադրված մի մեծ հատվածի ֆավորիտը ՕԵԿ-ն էր իր առաջնորդով: Արթուր Բաղդասարյանն արդեն եղել էր իշխանության վերին մասում՝ ԱԺ նախագահի պաշտոնում, որտեղից հեռացել էր ինքնակամ: 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նրան «դավաճան» էր որակել անգլիացի դիվանագետի հետ իշխանության համար ոչ նպաստավոր զրույցի պատճառով: ՕԵԿ առաջնորդն իսկապես տվյալ ժամանակի համար որոշ հեղինակություն ուներ: սակայն առաջնորդության սպասելիքներ նրանից չկային: Ընդդիմադիր մնալը Բաղդասարյանին զուտ իներցիայով հասցրեց 2008 թվական, որտեղ հայ ժողովրդին սպասում էր անկախ Հայաստանի պատմության մեջ միակ ըստ էության ընդդիմադիր առաջնորդը: Բաղդասարյանն այս ժամանակ էր, որ կողմնորոշվեց դեպի իշխանության հետ նվաստացուցիչ համագործակցությունը: Ըստ իս, ճիշտ վարվեց: Նա արդեն իր հնարավորությունների չափով եղել էր եւ Վազգեն Մանուկյան, եւ Կարեն Դեմիրճյան եւ Ստեփան Դեմիրճյան:

Տեր-Պետրոսյանը մարդ էր, որի մարդկային որակները ոչ մեկին հայտնի չէր, փոխարենը քաղաքական ինտելեկտը նրան օժտեց Մովսես լինելու առաքելությամբ: Նա եղել էր Հայաստանի նախագահը եւ պետություն էր ոտքի կանգնեցրել: 2008-ին նրան ներվեց ՀՅԴ-ի կասեցումը եւ 95-ի, 96-ի խայտառակ ընտրությունները: Նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանի նման մահաբեր զինդատախազի ներկայությունը Տեր-Պետրոսյանի կողքին կարծես թե աննկատ մնաց: Բայց առաջին նախագահն ավելի տեւական մովսեսականության պլաններ ուներ, որոնք, պարզվեց, պակաս քաղաքական են: Նա մեր ժողովրդի հետ խոսում էր իր տեսիլքների Նոր Հայաստանի՝ Ավետյաց երկրի մասին, որն այլեւս ավազակապետություն չէ: Այլ խոսքով, ոչ թե իշխանափոխություն, այլ՝ Նոր Հայաստան: Դա տեւական աշխատանք է: Իսկ ընտրությունները լինում են 5 տարին մեկ անգամ:

2012-ին Տեր-Պետրոսյանն ինքն է փորձում բացատրել, թե ինչու են իր հանրահավաքները սակավամարդ: Եվ իր տեսիլքների հետ չի խոսում փաստը՝ մատնանշել, թե ում հանրահավաքներն են համեմատաբար ինքնաբուխ մարդաշատ՝ Գագիկ Ծառուկյանի, մարդ, որն իր սիրելի ընտրողի հետ հանդիպում է զինված: Դրան պետք էլ չէր կասկածել: Գագիկ Ծառուկյանը նույնպես տեսել է իշխանություն: Իշխանության մեջ նա վայելել է իր ամբողջ անպատժելիությունը: Գագիկ Ծառուկյանը հավակնում է լինել նոր համազգային առաջնորդ, նա ամենակարող է, որոշ գծերով նման է Կարեն Դեմիրճյանին, նրա նման խոսում է պարզ բառերով, բոլոր մյուս առաջնորդների նման իշխանության հենց այն մասում է, որտեղից տեսանելի է բոլորին, բայց անհասանելի է, ինչպես Մասիս սար: Ժողովուրդն ինքն է Ծառուկյանի մեջ փորձում տեսնել իր առաջնորդին, ԲՀԿ ղեկավարը նրան թվում է հարց լուծող: Առաջին անգամ այդ հարց լուծողը ռեալ ֆինանսական հնարավորությունների տեր մարդ է, որը դա չի էլ փորձում թաքցնել: Այսպիսով, Ծառուկյանը Տեր-Պետրոսյանից վերցնելով Մասիս սար լինելու էստաֆետը, լայն քայլերով գնում է դեպի այդ էստաֆետը մյուսների նման տապալելու առաքելություն: Որովհետեւ ո՞վ է կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակեղծիքների դեպքում մեկ վայկյան անգամ չի փորձելու առաջնորդել իր ընտրազանգվածին:  Առաջին անգամ հասարակությունն ունի մի հեղինակություն, որին ինքն է առաջնորդում դեպի իր խնդիրների հանդեպ ուշադրությունը, նամակներ է փոխանցում, փող է խնդրում: Մի խոսքով, փոխանցիկ Մասիս սարերի էստաֆետն ավարտվում է, որովհետեւ վայ էն ժողովրդին,. որի խնդիրները լուծվելու են պատահական մի օր, ասենք, մայիսի 4-ին Գագիկ Ծառուկյանի գրասենյակից ստացած կլորիկ գումարով: Չէ՞ որ հաջորդ ընտրություններին այդ ժողովուրդն արդեն հավակնելու է Սամվել Ալեքսանյանի մակարդակի մի առաջնորդի, որից անհամեմատ ցածր գումար պոկելն էլ կարող է «… սրտին մխիթարանք լինել»:

Մհեր Արշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30