«Արմնյուզ» հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները եւ կարծիքները, հետեւել 2012-ի խորհրդարանի եւ 2013-ի նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիան եւ The Gallup Organization-ը՝ 2012-ի ապրիլից մինչեւ 2013-ի փետրվար:
Առաջին համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 4-ից 10-ը: Այդ հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1018 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողների տանը՝ դեմ առ դեմ:
Կարդացեք նաև
Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկիենեն այսօր կայացած ասուլիսում նշեց, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք ընտրությունների հանդեպ, նրանց 58 տոկոսն ասել է, որ հաստատ ընտրելու է, 30 տոկոսը նշել, որ հավանաբար կընտրի: Ընտրողների 24 տոկոսը դեռ վերջնական չի որոշել՝ կմասնակցի ընտրություններին, թե ոչ:
«Հայաստանը լավ պատկեր ունի՝ չնայած տնտեսական ճգնաժամին, ժողովուրդը ապրում է: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար ամենակարեւորը շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնցից առաջնայինը աշխատատեղերն ու կյանքի պայմաններն են՝ ցածր է աշխատավարձը, եւ կա բողոք կոռուպցիայի հետ կապված: Ընտրությունները սարերի ետեւում չեն եւ մարդիկ արդեն սկսել են կողմնորոշվել կամ միգուցե տատանվել: Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում 2 կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որին պատրաստ էր ձայն տալ գրանցված ընտրողների 34 տոկոսը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ էր քվեարկել գրանցված ընտրողների 28 տոկոսը»,- ասաց տիկին Ալիշաուսկիենեն:
Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց հարցման արդյունքները. «Հայ ժողովուրդը ցուցաբերում է ընդգծված եվրոպական կողմնորոշում, եւ հարցվածների 70 տոկոսը նշել է, որ Հայաստանն ապագայում պետք է անդամակցի Եվրոպական միությանը: Մեր ժողովուրդը ցանկանում է զարգացնել լավ հարաբերություններ եւ համագորակցություն ԱՊՀ գործընկերների հետ»:
Հարցման ամբողջական արդյունքները կարդացեք այստեղ ARMENIA_2012_04_4-10 presentation_Arm_Final
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ