Տավուշի մարզի Իջեւան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ամենամարդաշատն էր: Այստեղ Ծառուկյանին շատ ջերմ ընդունեցին: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, հանրապետական քաղաքապետը պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուից:
ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը կուսակցության նախագահին հյուրընկալեց քարոզարշավային բոլոր ատրիբուտներն ի գործ դնելով:
Այստեղ իր ելույթում Ծառուկյանն իջեւանցիներին կոչ արեց, որպեսզի չհիասթափվեն ու միասնական մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, քանի որ իրենք արդեն տեսել ու համոզվել են, որ համախմբվելով կարող են հաղթել: Ծառուկյանը նաեւ ասաց, որ Ղալումյանն իր հերթին պարտավորություններ ունի, քանի որ ժողովուրդն իրեն վստահել է, իսկ հիմա եկել է Ղալումյանից պահանջելու ժամանակը ու որեւէ նշանակություն չունի, որ ծանր ու դժվարին ժամանակներ են: «Ես իրեն ճանաչում եմ, հարգում եմ որպես մարդ, տղամարդ՝ դուխով ա»,- ասաց Ծառուկյանը Ղալումյանի հասցեին: Ղալումյանն էլ իր հերթին նկատեց, որ պատվով ու նամուսով է փորձում արդարացնել իրեն տրված ժողովրդի վստահությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ