Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ. «Տեր-Պետրոսյանի որեւէ պնդում իրավական հիմք չունի» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2012 14:38

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` ընդդիմությունը պնդում է, որ ընտրացուցակներն ուռճացված են` մասնավորապես նման տեսակետ ունի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա այդ պնդումներն անհի՞մն եք համարում: Պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակած քաղաքական գործչի որեւէ պնդում, որեւէ փաստարկ իրավական հիմք չունի: Մենք բազմիցս բացատրել ենք, թե որն է պատճառը, որ բնակչության` պետական ռեգիստրում հաշվառումների թվի աճ կա: Հաշվառում անցած անձանց թվաքանակը երկուսն են` չափահաս դարձած անձանց թվաքանակը 2008-ից մինչ օրս եւ կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում երբ մի շարք իրավունքների իրականացումը պայմանավորվեց ռեգիստրում հաշվառում ունենալու հետ, մարդիկ հարկադրված էին արդեն հաշվառվել: Եթե քաղաքացին կարող էր անձնագիր ստանալ առանձ հաշվառման, 2008-ից դա անձնագրայինում մերժելու հիմք դարձավ, հարկադրված էին հաշվառվել, թիվը սկսեց աճել: Բնականաբար, այդ թվերը թվում է, թե ուռճացված են, դրանք ուռճացված չեն»:

Որպես ՀՀ քաղաքացի, այսպիսի հսկայական արտագաղթի պայմաններում, իսկապես հավատո՞ւմ եք, որ 2 մլն 482 հազար մարդ կա Հայաստանում, ընտրողի մասին չենք խոսում` պարոն Քոչարյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ գիտի` այդքան մարդ Հայաստանում կա՞, թե՞ոչ: Ես կարող եմ ասել, թե Հայաստանում քանի մարդ է հաշվառվել, իսկ թե քանի մարդ է Հայաստանից դուրս եկել` առանց հաշվառումից դուրս գալու, այդ տվյալները որեւէ մեկը չի կարող ասել: Մի մոռացեք, որ 2012-ի հոկտեմբերին միայն կարող են ամփոփվել Մարդահամարի տվյալները, եւ Հայաստանից մշտապես բացակայողների տվյալները մի փոքր կորոշակիանան միայն այդ ժամանակահատվածում»:

Մեր դիտարկմանը, որ ամեն տարի վստահեցնում են, որ մաքրամաքուր ցուցակներ են` պարոն Քոչարյանը պատասխանեց, որ այս տարվա խոստումները լուրջ հիմք ունեն, որովհետեւ երբեւէ ընտրացուցակները հրապարակային չեն եղել, մատչելի չեն եղել հանրության համար, բայց այս տարի ԸՕ-ն այդ հնարավորությունը տվեց, եւ ակնհայտ է, որ անճշտությունների թիվը անհամեմատ ավելի փոքր է լինելու, քան նախորդ տարիներին:

Ոստիկանության հատկապես անձնագրային վարչությունից մարդիկ լուրջ դժգոհություններ ունեին, որ ամեն ինչի համար 1000-2000 դրամ ստիպված են դնել սեղանին: Մեր հարցին` կոռուպցիայի կրճատման հարցում բարելավում նկատո՞ւմ եք` պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ դուք չեք նկատում վերջին շրջանում այդ բարելավումը: Ես կարծում եմ, որ անձնագրային ծառայություններն այս իմաստով հպարտանալու տեղ ունեն: Վերջին 2-3 տարվա բարեփոխումները կոռուպցիոն ռիսկերն էապես նվազեցրել են: Իսկ կոռուպցիան պետական ապարատի արատ է, եւ միայն անձնագրային ծառայությանը չի սպառնում»: Մեր դիտարկմանը, որ, այո, ասում են` ձուկը գլխից է հոտած` նա հակադարձեց. «Ձուկը գլխից հոտելու խնդիր չի, ուղղակի կարեւորը` որ լինի շատ սահմանափակ եւ խիստ վերահսկելի: Այդ խնդիրը, կարծում եմ, մենք լուծել ենք: Կոռուպցիան չի կարող անվերահսկելի չափեր ունենալ անձնագրային ծառայությունում: Դա անհնար է, որովհետեւ ի տարբերություն մի քանի տարի առաջվա գործող վարչարարության, որն ուղղակի որեւէ իրավական առումով չկառավարվող վարչարարություն էր, անձնագրային ծառայություններն իրենց հայեցողությամբ էին իրականացնում անձնագրավորում, այսօր գոյություն ունի անձնագրային օրենսդրություն: Ես չեմ բացառում, որ կոռուպցիոն դեպքեր կլինեն, բայց հավատացած եղեք, որ անձնագրային եւ վիզաների վարչությունն այն օղակը չի, որ այդպես լուրջ մտահոգվելու տեղիք տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30