Ապրիլի 17-ի առավոտից Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, մոտ 4 -5 ժամ փակել են պղնձի հանքավայր տանող ճանապարհը: Ճանապարհը բացվել է, երբ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Դրանից հետո հանքավայրը տնօրինող` «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է հանքավայրի անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին:
Թեղուտցիները ճանապարհը փակել էին, բողոքելով նախօրյակին անվտանգության ծառայողների կողմից իրենց 4-5 համագյուղացիներին ծեծի ենթարկելու դեմ:
Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն ասաց, որ նրանցից մեկի վիճակը լուրջ է, եւ նա գտնվում է հիվանդանոցում: Գյուղապետի խոսքերով` կռվի պատճառը եղել է այն, որ թեղուտցիներից մեկի ավտոմեքենան անցնելով` փոշի է բարձրացել, ինչն էլ հարուցել է հանքավայրը տնօրինող` «Էյ-Սի-Փի» ընկերության անվտանգության աշխատողների դժգոհությունը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ