Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ի գիտություն են ընդունել Հայաստանի մտահոգությունն Ադրբեջանի գերռազմականացման կապակցությամբ

Ապրիլ 17,2012 13:41

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Միացյալ Նահանգներ այցի որոշ  մանրամասներ

 Ռազմական աղբյուրներից մեզ հաջողվել է պարզել  ԱՄՆ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած պատվիրակության վերջերս կատարած աշխատանքային այցի որոշ մանրամասներ:

Այսպես, գործնականում բոլոր հանդիպումների ժամանակ Սեյրան Օհանյանն ընդունող կողմին հայկական կողմի մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում ռազմաշունչ հրետորաբանության, նաև գերռազմականացման վերաբերյալ, ինչին ի պատասխան հյուրընկալող կողմը, մասնավորապես, ԱՄՆ պաշտպանական, նաև` արտաքին քաղաքական գերատեսչություններում, էստ էության, ըմբռնումով մոտենալով նախարար Օհանյանի մտահոգությանը, հայտարարել է, որ իրենք կտրականապես դեմ են ԼՂ հիմնախնդրի` ուժի կիրառման ճանապարհով լուծման որևէ փորձին և սատարում են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, մասնավորապես`  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միաժամանակ մտահոգություն հայտնելով բանակցային գործընթացում նկատելի առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Մեր աղբյուրների համաձայն, հանդիպումների ժամանակ անկնհայտորեն զգացվում էր ընդունող կողմի ընդգծված հարգանքը Սեյրան Օհանյանի նկատմամբ` որպես կադրային սպայի, պատերազմի թոհ ու բոհով անցած զորահրամանատարի, մի մարդու, ով գիտե բանակը մինչև ուղնուծուծը:

Ի դեպ,  ԱՄՆ Կենտրոնական հետախուզական  վարչության (ԿՀՎ) ներկայիս տնօրեն Դեյվիդ Պետրեուսի հետ Սեյրան Օհանյանն արդեն ծանոթ էր. նրանք մի քանի տարի առաջ հանդիպել էին Աֆղանստանում, ուր այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարը այնտեղ իրականացվող միջազգային գործողությանը մասնակցող հայկական խաղաղապահներին հանդիպելու և նրանց մարտական ծառայության պայմաններին ծանոթանալու  համար: Դ. Պետրեուսը այն ժամանակ  Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգությանն աջակցող ուժերի (NATO ISAF) հրամանատարն էր:

(Հենց նրան է վերագրվում այն, որ` մեր աղբյուրի բնութագրմամբ, Աֆղանստանում կոտրվեց թալիբների հզորությունը՚):

Ի դեպ, Օհանյանի և Պետրեուսի ծառայողական կարիերայում հետևյալ նմանությունը կա. երկուսն էլ երեք/չորս աստղանի գեներալներ են եղել, այն էլ մարտական գործողություններին մասնակցած, երկուսն էլ ներկայումս ուժային գերատեսչությունների քաղաքացիական ղեկավարներ են…

(Դե՜, հուսանք, որ ոչ վաղ անցյալում ինքը` մարտական գեներալ Պետրեուսը պետք է լավ հասկանա ոչ վաղ անցյալում մի այլ մարտական սպա,գեներալ Օհանյանի մտահոգությունն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի էլ ավելի հաճախակի դարձած խախտումների վերաբերյալ…)

Հիշեցնենք, որ ԱՄՆ՝  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը սկսվեց Կանզաս նահանգից, ուր տեղակայված են  Կանզասի Ազգային գվարդիան (Kansas National Guard) և ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարա-շտաբային ակադեմիան (The US Army Command and General Staff College):

Ինչպես հայտնի է, Հայաստանը և ԱՄՆ Կանզասի նահանգը համագործակցում են արդեն ինը տարի, և ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն ընդունելու ժամանակ նահանգապետ Սեմ Բրաունբեքը  ստորագրեց Համագործակցության հռչակագիր Կանզասի և Հայաստանի միջև:

Ըստ ավանդույթի, ԱՊՀ տարբեր երկրներ համագործակցում են ԱՄՆ այս կամ այն նահանգի հետ:

Կարող է բնական հարց ծագել. ինչո՞ւ հայերիս «բաժին հասավ՚» Կանզասը, այլ ոչ թե, ասենք, Կալիֆորնիան, որտեղ միլիոնանոց հայ համայնք կա: Պարզվում է հետևյալը. բանն այն է, որ Կալիֆորնիան արդեն ուներ գործընկերության հռչակագիր Ուկրաինայի հետ, բացի այդ, նմանությունը Հայաստանի և Կանզասի միջև այն է, որ երկուսն էլ ցամաքային տարածքներ են: Նաև դեր խաղաց այն, որ այստեղ է գտնվում վերը նշված ռազմական ուսումնարանը, որում մշտապես վերապատրաստում են անցնում հայ սպաներ` մեկ տարի ժամկետով:

Ի դեպ, խոսելով նրանց մասին, նահանգի քաղաքացիական և զինվորական ղեկավարները նշեցին մերոնց մտքի ճկունությունը, աշխատասիրությունը և կարգապահությունը:

Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գրասենյակում, ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տկն. Անգելա Քեյնի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը հայտնել է Հայաստանի մտահոգությունն Ադրբեջանի գերռազմականացման  կապակցությամբ: Տկն Քեյնը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին, որ իրենք նախապատրաստում են զենքի առևտրի պայմանագիրը, ինչին ի պատասխան հայկական կողմը հայտնել է, որ գործնականում պատրաստ է նման փաստաթուղթ ստորագրելուն: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  օգնական  օրինականության և անվտանգության գծով      խաղաղապահ գործողությունների դեպարտամենտում Դմիտրի Տիտովի, նաև՝ այլ պատկան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նախարար Օհանյանը հավաստել է Հայաստանի պատրաստակամությունը հետայսու ևս ներդրում ունենալ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ առաքելություններին: (Նշենք, որ ներկայումս ՀՀ-ն ունի ՄԱԿ-ի մանդատով մեկ դիտորդ Լիբանանում):

Իր հերթին, ՄԱԿ-ի պաշտոնյաները  հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարին, որ իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանի խաղաղապահ ականազերծող գումարտակի վերապատրաստմանը:

 

Գուրգեն Խաժակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30