Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կուլակաթափ» կանեն ու անտոկոս վարկեր կտան

Ապրիլ 17,2012 13:32

Կոմունիստներն ու «Միավորված հայերը» չեն մանրամասնում, թե ինչպես են նշված «բարեփոխումներն» իրականացնելու

Հայաստանի կոմունիստներն իրենց նախընտրական ծրագրում այնպիսի առաջարկներ են անում, որ խորհրդային տարիներին կարոտ քաղաքացիները գայթակղությանը չդիմանան ու իրենց ձայնը տան Կոմկուսին: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ծրագրել է հանքարդյունաբերական, ալկոհոլային խմիչքների, հացի արտադրությամբ զբաղվող, բենզինի եւ այլ կարեւոր ոլորտների օլիգարխներին «կուլակաթափ անել»: Կուսակցությունը մտադիր է, ինչպես նշված է նախընտրական ծրագրում, խորհրդարանում տեղ գրավելու դեպքում տնտեսության ռազմավարական ճյուղերն ազգայնացնել, այսինքն՝ պետականացնել: Կոմունիստները համոզված են, որ միայն այդ կերպ նոր աշխատատեղեր կապահովեն եւ իսպառ կվերացնեն արտագաղթը: Այդուհանդերձ, կոմունիստները մտադիր չեն մասնավոր բիզնեսն ամբողջությամբ պետականացնել. հավանաբար, քաղաքական այս ուժն էլ հասկանում է, որ ամբողջությամբ վերադառնալ նախկին սոցիալիստական կարգերին պարզապես անհնար է, ուստի ՀԿԿ-ն որոշել է գոնե փոքր ու միջին ձեռներեցին «ձեռք չտալ»:

ՀԿԿ-ի նախընտրական ծրագրում նշված է՝ «Կրճատելով ներկրումները՝ զարգացնել եւ խթանել տեղական արտադրությունը, փոքր եւ միջին բիզնեսը: Ամեն ինչով նպաստել եւ օգնել ինչպես բիզնեսմեններին, այնպես էլ անհատ ձեռներեցներին»: ՀԿԿ-ն իր ծրագրով այնպիսի առաջարկներ է ներկայացնում, որով գյուղաբնակների որոշ զանգվածին կարող է իր կողմը գրավել. «Գյուղի աշխատավորին գոնե 5 տարով ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից: Նրան տրամադրել նպաստավոր վարկեր մինիմում գրավներով (ոչ ոսկի, ոչ անշարժ գույք), հողերի ապահովագրումը դարձնել խիստ կարեւոր: Օրենքով արգելել հողի առուվաճառքը, ամրագրել սեփականության բոլոր ձեւերի զուգահեռ գոյությունը, տնտեսվարման այս կամ այն ձեւի ընտրությունը վերապահել գյուղացուն»:

Իսկ «Միավորված հայեր» կուսակցությունը (ՄՀԿ) ԱԺ-ում հայտնվելու դեպքում որոշել է ատոմակայանի ու էլեկտրական ցանցերի, կապի ու ռազմաարդյունաբերական ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնել: ՄՀԿ-ն եւս ձայներ հավաքելու համար գյուղացիների սրտով առաջարկներ է ներկայացնում՝ պետական իրական հովանավորությամբ ոռոգման ջրի ու պարարտանյութերի անվճար, անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում, հողի հարկի դրույքաչափերի իջեցում: «Միավորված հայերն» էլ, կոմունիստների պես, մտադիր է փոքր-ինչ «կուլակաթափություն» անել: Գյումթերքների շուկան, որը մասնավոր գործարարներն են տնօրինում, գյուղացիներն էլ տեղի վարձ են տալիս, կուսակցությունը որոշել է անմիջնորդ վերադարձնել գյուղացուն: ՄՀԿ-ն, ինչպես գրված է ծրագրում՝ անզիջում պայքար է սկսելու թրաֆիքինգի դեմ, արտագաղթի դեմն առնելու է, դեռ մի բան էլ ներգաղթ է կազմակերպելու: Եթե այլ կուսակցություններ պետության ռազմապետական հիմնախնդիր են համարում գյուղատնտեսությունը կամ տեղական արտադրությունը, ապա ՄՀԿ-ն գտնում է, որ սպորտը պետք է լինի մեր երկրի ռազմավարական խնդիրներից ամենագլխավորը: Այս կուսակցության անդամների կարծիքով՝ սպորտը բնակչության առողջության պահպանման եւ զինված ուժերի բարձր մարտունակության գրավականն է: «Միավորված հայերը» գտնում է նաեւ, որ ազգաբնակչությանը պետք է ընդգրկեն համընդհանուր սպորտային մարզաձեւերում:

Կուսակցությունները վերը նշված առաջարկներից բացի՝ էլի մի շարք «լավ-լավ» բաներ են ծրագրել: Այս 2 կուսակցություններն էլ անդրադառնում են մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին եւ «գեղեցիկ» բարեփոխումներ առաջարկում: Սակայն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ՄՀԿ-ն ու ՀԿԿ-ն ոչ մի մեխանիզմ չեն նշում, թե կոնկրետ որ ոլորտում ինչպես են իրենց նշած բարեփոխումն իրականացնելու:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30