Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» խոստանում է սահմանափակել ՀՀ նախագահի լիազորությունները

Ապրիլ 17,2012 13:18

Նաեւ՝ ընտրվելու դեպքում հանդես գալ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն օրերս ներկայացրին իրենց «Նոր Հայաստանի ծրագիրը» վերնագրված 16 էջանոց նախընտրական ծրագիրը: Այն բաղկացած է 15 ենթաբաժիններից՝ ներառելով մասնավորապես նաեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բնապահպանական ու դատաիրավական, նաեւ այլ ոլորտներում առաջիկա 5 տարիների համար նախատեսված բարեփոխումների վերաբերյալ այդ կուսակցությունների տեսլականն ու դրա կենսագործմանն ուղղված օրենսդրական այն քայլերն ու բարեփոխումները, որոնց միջոցով «Ժառանգությունն» ակնկալում է իրագործել իր հետապնդած նպատակները: Իր ծրագիրը «Ժառանգությունը» գնահատում է որպես «միանգամայն իրատեսական» եւ հայտարարում, թե «խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում մեծամասնություն ստանալու ու կառավարություն կազմավորելու դեպքում» իրենք գալու են ապահովելու այդ ծրագրերի իրագործումը:

Այսպես, «Ժառանգության» ծրագրի առավել առանցքային մի քանի դրույթներ վերաբերում են քաղաքացու իրավունքների եւ ազատությունների երաշխավորմանն ու պետության կողմից քաղաքացու պաշտպանվածությունն ապահովող օրենսդրության բարեփոխումներին: «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այս ճանապարհին մտադիր են իրականացնել սահմանադրական փոփոխություններ եւ որդեգրել պետական կառավարման խորհրդարանական համակարգը, որը, նրանց համոզմամբ, «կապահովի կառավարության անդամների նշանակման այնպիսի համակարգ, որով կբացառվի պատահական, ոչ արհեստավարժ մարդկանց մուտքը պետական բարձրագույն ծառայության օղակներ, կամրագրվեն կարգազանց, Սահմանադրության եւ օրենքների պահանջները ոտնահարող պատգամավորների, կառավարության անդամների լիազորությունների դադարեցման հստակ ընթացակարգեր, կձեւավորվի նախագահից ու գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանություն, կապահովվի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի կայուն զարգացում»:

«Ժառանգությունը» ծրագրում է նաեւ «ձեւավորել գործադիրից եւ օրենսդիրից իրապես անկախ Արդարադատության խորհուրդ, սահմանել դատավորների ու դատախազների նշանակման, առաջխաղացման առավել թափանցիկ ընթացակարգ, ընդունել նոր քրեական, քրեադատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության եւ այլ օրենսգրքեր, որոնք կամրագրեն քաղաքացու սահմանադրական իրավունքների խախտումների բողոքարկման կամ դրանց պաշտպանության շոշափելի ընթացակարգեր: Բարելավել ընտրական համակարգը, այդ թվում՝ ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների անցկացումը, քվեարկած ընտրողների ընտրացուցակների հրապարակայնությունը, քաղաքականապես հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորումը, ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար խստագույն պատժամիջոցների կիրառումը», «ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը, արդյունքների բողոքարկման իրական հնարավորությունների ընձեռումը»:

ԱԺ-ում կրկին տեղ գրավելու դեպքում «Ժառանգությունը» նաեւ խոստանում է վերանայել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքները՝ բարձրացնելով սպառողի պաշտպանվածությունը, պետական վերահսկողությունը ապրանքների եւ ծառայությունների մատուցման շուկաներում: «Ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների իրավունքների եւ պարտականությունների մասին օրենք՝ առավել պաշտպանված դարձնելով այդ ծառայություններից օգտվող բնակչին ու քաղաքացուն: Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում՝ բացառելով «հանրային շահի» անվան տակ կառավարության միջնորդությամբ քաղաքացիների ունեզրկումը եւ սեփականազրկումը հանուն մասնավոր բիզնես շահերի, նախկինում նման որոշումներից տուժած բնակիչների համարժեք փոխհատուցում կատարել պատասխանատու պաշտոնյաների ու նրանց հետ հանցավոր գործարքի մեջ մտած կառուցապատողների միջոցներից, հարուցել վերջիններիս պատասխանատվության հարցը»: «Ժառանգությունը» մտադիր է նաեւ բարեփոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները՝ դրանք համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը ներկայացվող պահանջներին, ընդունել «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենք՝ ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերի ուղենիշների համաձայն ամրագրելով ընդդիմության երաշխավորված իրավունքները:

«Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն եւ պայքար կոռուպցիայի դեմ» գլխում «Ժառանգությունը» կարեւորում է՝ «օրենքի համահավասար ու պատժելիության սկզբունքի կիրառում բարձրագույն պաշտոնյայից՝ նախագահից ու նրա ընտանիքի անդամներից մինչեւ ՀՀ շարքային քաղաքացի, չարաշահումների դեպքում՝ անկախ դատախազական վերահսկողության իրականացում»: Ծրագրային դրույթներից մեկն էլ այն է, որ «Ժառանգությունն» անհրաժեշտ է համարում հիմնել հատուկ մարմին՝ «անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից, եւ որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը»: Առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ անել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում՝ վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից: «ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային եւ վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները»:

«Ժառանգության» ծրագրում անդրադարձ կա նաեւ «Մարտի 1»-ին. «Բացահայտել եւ արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության եւ հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների եւ դրանց մեղավորների նկատմամբ»: Կուսակցությունը խոստանում է ընտրվելու դեպքում «ապահովել քաղաքացիների ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքներն ու պատասխանատվություն հարուցել այդ իրավունքները ոտնահարող պաշտոնյաների նկատմամբ: Պատասխանատվություն հարուցել քաղբանտարկյալների եւ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների նկատմամբ: Տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին: Արմատապես բարեփոխել ոստիկանության համակարգը: Անհրաժեշտ բյուջետային միջոցներ հատկացնել ՀՀ տարածքում գործող կալանավայրերի վերանորոգման եւ ընդլայնման, դրանցում բանտախցերի գերբեռնվածության նվազեցման, այդ խցերի հակասանիտարական վիճակի, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակին»,- ասված է «Ժառանգության»՝ «Նոր Հայաստանի ծրագիրը» նախընտրական փաստաթղթում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հ. Գ. «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող առանցքային դրույթների մասին՝ հաջորդիվ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30