Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրեք տղամարդուն

Ապրիլ 17,2012 13:13

Երբ ֆրանսիացիները խորհուրդ են տալիս փնտրել կնոջը (cherchez la femme), նրանք նկատի ունեն հետեւյալը. երբեմն տղամարդկանց վարքագծի շարժառիթները մշուշոտ են մնում, եւ այդ դեպքերում նրանց քայլերի տրամաբանությունը կարող է «վերծանվել» այն կանանց միջոցով, որոնք առաջին հայացքից իրադարձությունների կիզակետում չեն, բայց փոխարենն իրենց սեւ կամ «սպիտակ» գործն անում են ետնաբեմից: Այդպիսով, դա տիպիկ ֆեոդալական ասացվածք է, երբ հասարակական կյանքում գործում էին տղամարդիկ, իսկ կանայք նրանց «բզբզում էին» որպես օրինական կամ ոչ օրինական կողակիցներ:

Մեր լուսավոր դարում ամեն ինչ ճիշտ հակառակն է, եւ մասնավորապես Հայաստանում պետք է ասել՝ փնտրեք տղամարդուն, որովհետեւ իրադարձությունների «հարթակում» կանայք են, իսկ բզբզողի դերում՝ տղամարդիկ: Դատեք ինքներդ: 1990 թվականին կանայք են ջարդել ԳԽ նախագահ, լուսահոգի Հրանտ Ոսկանյանի գլուխը: Որովհետեւ նա, այդ կանանց ձեւակերպմամբ, «թուրք» էր եւ «դավաճան»: 1996 թվականի սեպտեմբերի 25-ին խորհրդարանի նախագահի ու փոխնախագահի վրա հարձակվողների առաջին շարքերում դարձյալ կանայք էին, որոնք այս անգամ կարծում էին, որ Տեր-Պետրոսյանն է «թուրք» եւ «դավաճան»: Հիմա ՀԱԿ-ի հանրահավաքներում ովքե՞ր են կանգնած միտինգավորների առաջին շարքում, եւ ովքե՞ր են ամենաբարձր բղավում՝ «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն, նախագահ»: Իհարկե, կանայք՝ «բետեէռները», ինչպես նրանց ընդունված է անվանել:

Ինչ խոսք, անարդարացի կլիներ ասել, որ կանանց, որպես գրոհային ջոկատ, ուղարկելը միայն ընդդիմության գործելակերպն է: Օրինակ՝ երբ «Առավոտը» գրում է դպրոցի որեւէ կաշառակեր (եւ, ի դեպ, ընտրակեղծարար) տնօրենի մասին, հենց կանայք են գալիս խմբագրություն եւ լաչառություն անում: Կամ մի անգամ գործարարներից մեկը, որի արտադրանքի մասին բացասաբար էինք արտահայտվել, «Առավոտ» էր ուղարկել մի քանի տասնյակ իր աշխատակցուհիներին, որ նրանք այստեղ «միտինգ անեն»: Այդպես էր, հավանաբար, տվյալ գործարարը պատկերացնում «ժողովրդի ձայնը»: Հիմա էլ մեկ այլ գործարար՝ իր ընդդիմադիր մրցակցի ընտրարշավին խոչընդոտելու համար, դարձյալ ուղարկում է համապատասխան կանանց, այսպես ասած՝ «Կլարա Խաչիկովնաներ»՝ բանգլադեշյան աշխարհընկալմամբ:

Մի խոսքով՝ կանայք, որպես կանոն, ավելի էմոցիոնալ են, եւ դրանից օգտվում են տղամարդիկ: Ես նույնիսկ մի կին գիտեմ, որը Ռոբերտ Քոչարյանի երկրպագուն է եւ մեր կայքում իր մեկնաբանություններում խիստ ընդվզում է, երբ երկրորդ նախագահի հասցեին որեւէ բացասական բառ է գրվում: Հիրավի, առեղծված է կանացի հոգին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30