Երեկ էլ ահա «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները հայտարարեցին, թե իբր «ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածություն կա` ԱԺ անցնելով ստեղծել նոր կոալիցիա»: Հավանաբար հատուկ Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին երջանկացնելու համար: Սակայն նույն պահին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հերքեց այդ սուտը` նշելով. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ ստվերային համաձայնություն չունի: Միակ պայմանավորվածությունը, որ կա բոլոր այն ֆորմատներում, որտեղ կա ԲՀԿ-ն, մեկն է` անել հնարավորը ընտրությունների ազատ, արդար ընթացքն ապահովելու համար»:
Դառնանք Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 25-ի «շոկային» ելույթին: Փաստորեն մարդը դեռ այն ժամանակ գիտակցում էր, որ ՀԱԿ-ը կաղ էշով է մտնելու ընտրապայքարի մեջ, իսկ ռեսուրս ու վարկանիշ չունենալով՝ նրա համար դժվար կլինի «պատվով» հաղթահարել ընտրական մարաթոնը: Ինչի համար շտապ պետք էր գտնել հզոր հովանավոր: Եվ ահա ընտրությունը կանգ առավ ԲՀԿ-ի վրա:
Ի դեպ, օրերս «Ռեգնում» գործակալությունը հրապարակել էր Վիկտոր Յակուբյանի վերլուծությունը, ուր հեղինակը նույնպես նկատում է, որ ՀԱԿ-ին չի հաջողվում նորմալ քարոզարշավ իրականացնել, եւ այն նույնիսկ կարելի է տապալված համարել: Պատճառները շատ են. ֆինանսական, գաղափարական սնանկությունից մինչեւ ընտրազանգվածի կորուստ: Եվ իրոք, մարզերում, կարելի է ասել, հաշված թվով մարդիկ են ցանկություն ունենում հանդիպել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:
Այս ամենը Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, այդ պատճառով էլ որոշեց անցած տարվա աշնանը իր համագործակցության առաջարկով գայթակղել ԲՀԿ-ին:
Դրանով մտադիր էր լուծել երկու խնդիր: Առաջին` իշխանական կոալիցիայից մաս պոկելու միջոցով թուլացնել իշխանությունը: Եվ երկրորդ` համագործակցությունը գլուխ բերելու դեպքում նախընտրական շրջանում փորձել առավելագույնս օգտվել ԲՀԿ-ի ֆինանսական-նյութական հնարավորություններից, բնականաբար ի շահ կոնգրեսի օգտագործելով նաեւ ԲՀԿ-ի քաղաքական, մարդկային ու բարոյական ներուժը:
Կարճ ասած, սեփական ընտրապայքարը տանուլ չտալու, եւ չխայտառակվելու համար (ինչի ականատեսն ենք հիմա) Տեր-Պետրոսյանը մտադիր էր օգտագործել ԲՀԿ-ին որպես «գործիք»:
Դե, ԲՀԿ-ն էլ ի սկզբանե հասկացավ ՀԱԿ առաջնորդի մտադրությունը եւ նրա ձեռքին «գործիք» դառնալու հեռանկարը միայն ընդունեց ընդամենը որպես ի գիտություն:
Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»