Այն, որ Հանրապետական կուսակցությունը վախենում է հրապարակային բանավեճից, արդեն իսկ պարզ դարձավ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում։ ՀՀԿ ներկայացուցիչները նախանձելի համառությամբ մերժեցին բանավեճի բոլոր հրավերները՝ պարզապես բոյկոտելով անցանկալի լրատվամիջոցներին եւ անցանկալի ընդդիմախոսներին։ Այս փաստը ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ ՀՀԿ ղեկավարն ամեն տեղ կոկորդ է պատռում՝ խոսելով գրանցած նվաճումների ու ձեռքբերումների մասին։ Անհասկանալի է, եթե ՀՀԿ-ն այդքան լավ է աշխատել, ինչու չի ցանկանում իր գործունեությունը քննադատողների փաստարկները մեկ առ մեկ ջախջախել նրանց հետ ուղիղ՝ դեմ առ դեմ բանավեճում՝ այդպիսով վերջ դնելով ընդդիմախոսների «շահարկումներին»։ Գուցե ասելիք չունի՞։ Ինչ խոսք շատ հեշտ է կանգնել հարկադրաբար բերված մարդկանց առջեւ ու բոցաշունչ ելույթներ ունենալ, երբ դիմացը խոսող չկա, հակընդդեմ հարց տվող չկա, քննարկում չկա՝ այնպես, ինչպես ՀՀԿ բոլոր ընտրական հանդիպումներում։
«Ժողովուրդ»