Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հնարավոր է համարել Հայ ազգային կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի միջև պայմանավորվածություն առ այն, որ խորհրդարանական ընտրությունից հետո նրանք կոալիցիա կազմավորեն Ազգային ժողովում: Բարգավաճ Հայաստանն արդեն հերքել է նման պայմանավորվածության հավանականությունը: Կոնգրեսը կարծես թե դեռ չի արձագանքել, և ըստ էության, սա շատ բնութագրական հանգամանք է, որ ԲՀԿ-ն հերքում է, իսկ Կոնգրեսը խորհրդավոր լռություն պահպանում:
Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանին Կոնգրեսի հետ կոալիցիոն պայմանավորվածությունները և պարտավորությունները պետք չեն, իսկ ահա Կոնգրեսին պետք են նման խոսակցությունները, որոնք կշիռ կհաղորդեն բավական փակուղային վիճակում հայտնված քաղաքական ուժին: Բանն այն է, որ Կոնգրեսն այսօր իսկապես լուրջ խնդիրներ ունի իր քաղաքական կշռի առումով և Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության միտումներով փորձում է լրացնել այդ կշռի պակասը: Բարգավաճ Հայաստանը կշռի պակաս, մեղմ ասած, չունի, և ներկայումս, անկասկած, հանդիսանում է խորհրդարանական ընտրություններում հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: Ըստ որում` այդ հաղթական ռեսուրսի զգալի մասն ապահովվում է նաև այն պատճառով, որ ԲՀԿ-ն չի հարում, այսպես ասած, ավանդական ընդդիմությանը և հանդիսանում է, այսպես ասած, իշխանության և ընդդիմության մի սիմբիոզ, և դրա համար էլ նրան շատ են ձայն տալիս՝ միաժամանակ դիտարկելով, այսպես ասած, իշխող ընդդիմության ծիրում:
Հայ ազգային կոնգրեսի հետ բացահայտ պայմանավորվածությունները Բարգավաճ Հայաստանի այդ իմիջը որոշակիորեն կարող են խաթարել այն մեծ զանգվածի մոտ, որը ԲՀԿ-ին ձայն է տալիս հենց այդ իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի համար, այսինքն` ձայն է տալիս ՀՀԿ-ից դժգոհ լինելով, բայց միևնույն ժամանակ իշխանությունը, այսպես ասած, «նաղդ» տարբերակի մեջ դիտարկելով: Այս իմաստով, Կոնգրեսի հետ ԲՀԿ հետագա խորհրդարանական կոալիցիան ներկայումս առավելապես պատրանք է, որովհետև ԲՀԿ-ն կա՛մ մեծամասնություն կվերցնի ինքը, կա՛մ էլ չվերցնելու դեպքում կոալիցիա կկազմի ՀՅԴ հետ, որպես քոչարյանական ծիրի մի ուժ, որի հետ միասին կփորձեն հակակշիռ լինել ՀՀԿ-ին:
Եվ այս իմաստով, արդեն նոր խորհրդարանում շատ ավելի հավանական և իրատեսական է Կոնգրեսի և ՀՀԿ հնարավոր պայմանավորվածությունը, քան Կոնգրես-ԲՀԿ կոալիցիայի տարբերակը, եթե իհարկե ՀՀԿ-ն մնա փոքրամասնություն և ՀՀԿ-ԲՀԿ ավանդական տարբերակն այս անգամ չաշխատի ո՛չ դե յուրե, ո՛չ ստվերային դե ֆակտո տարբերակով, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են կոալիցիա չկազմել, սակայն խաղալ շատ ավելի համակարգված և բաժանել դաշտը շատ ավելի հստակ պայմանավորված, քան կոալիցիոն տարբերակով:
Կարդացեք նաև
«Ժամանակ»