Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Սյունքիում ամեն ինչ կարող են անել, ամեն ինչ անում են` բացի եղանակ ապահովելուց, պետք է ապահովեն եղանակ»

Ապրիլ 16,2012 22:20

Այս մասին այսօր Կապանում ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության իր ելույթի վերջում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսքը քաղաքական եղանակին չէր վերաբերում, այլ` անձրեւային եղանակին, քանի որ մարզկենտրոնի հրապարակում  շարունակ տեղացող անձրեւի տակ էր նախագահը ելույթ ունենում:

«Մեկ անգամ եւս խնդրում եմ, որ դուք ձեր քվեն տաք մեզ», -քարոզչական իր ելույթում կապանցիներին դիմել է  նախագահը եւ կոչ արել կատարել ճիշտ ընտրություն, որպեսզի Հայաստանը լինի ճիշտ ձեռքերում: Նախագահը խոսել է առաջիկա ծրագրերից ու անելիքներից` այդ թվում նաեւ կառուցվելիք հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասին, որին այդքան երկար դեռ սպասում են մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող մարզկենտրոնի բնակիչները:

«Հիմա նախընտրական շրջան է, եւ շատ քաղաքական ուժեր գալու են, խոստումներ են տալու, դա լավ է, նորմալ երեւույթ է, բայց նաեւ բնականաբար քննադատելու են ե՛ւ մեզ, ե՛ւ մյուսներին, կուրծք են ծեծելու, ասելու են, որ միայն ու միայն իրենք կարող են այս երկիրն առաջ տանել, կեղծիքների դեմ պայքարել, միայն ու միայն իրենք կարող են զարգացում ապահովել: Բայց խնդիրը նրանում է, որ այդ քաղաքական ուժերի մի մասն արդեն այդ հնարավորություն ունեցել է, եւ, ցավոք սրտի, մենք որեւէ արդյունք չենք տեսել, մյուս մասն էլ մարդիկ են, էլի ցավոք սրտի երբեւէ չեն ղեկավարել, չեն եղել պետական պաշտոնի, չգիտեն թե ինչ է նշանակում պետության հնարավորությունները, ծավալների մասին որեւէ պատկերացումներ չունեն», – իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Անձրեւային եղանակի պատճառով հրապարակում շատ մարդ չէր հավաքվել, ներկա գտնվողներն էլ հիմանականում այս կամ այն կառույցների աշխատակիցներ էին, ովքեր նախագահի ելույթից հետո հեռացան, իսկ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեց համերգային ծրագիր, որի բացումն արեց երգիչ Արամեն` գրեթե դատարկված հրապարակի առաջ կատարելով իր երգը:

Նախքան քարոզչությունը` պարոն Սարգսյանը Ագարակ, Մեղրի, Քաջարան կատարած աշխատանքային այցից հետո մասնակցեց Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի հիմնանորոգման համար  գումարը հատկացվել է  Հայաստանի համահայկական հիմնադրամի  Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի կողմից`  բրիտանահայ բարերար  Կարապետ Նազարյանի  կտակից ստացված միջոցներից, ով այդպես էլ իր ժառանգներ չի ունեցել:  Բաժանմունքն այսուհետ կրելու  է Հելեն  (մայրը), Սարգիս (հայրը), Կարապետ եւ Վեհանուշ (քույրը) Նազարյանների անունները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30