Այսօր Կապանի Թումանյան փողոցի բնակելի շենքերից մեկում դպրոցահասակ երեխաներն էին բաժանում «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի բրոշյուրները:
Նրանք հերթով բախում էին բնակարանենրի դռները, հարցնում բնակիչներին` ցանկանո՞ւմ են վերցնել բրոշյուրներից, ընտրելո՞ւ են «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ցանկության դեպքում մեծ սիրով տրամադրում դրանք: Երեխաները նաեւ հայտնեցին, որ այդ բրոշյուրներից մեծահասակներն են իրենց տրամադրել եւ հանձնարարել բաժանել դրանք բնակիչներին:
«Օրինաց երկիր» կուսակցության Կապանի գրասենյակի պատասխանատու Գարիկ Միրզոյանը «Առավոտին» փոխանցեց, որ այդ երեխաներն իրենց հետ կապ չունեն եւ իրենց քարոզիչների մեջ անչափահաս երեխաներ չկան: «Մեր քարոզիչները մեծահասակներ են, ովքեր անձամբ են այդ գործն իրականացնում: Տվյալ փողոցում հենց մեր քարոզիչներն են անձամբ եղել: Երեխաները մեզ հետ բացարձակ կապ չունեն, տեղյակ չեմ, թե ովքեր են եղել նրանք եւ ում հանձնարարկանն են կատարել: Միշտ շարժվել ենք ու շարժվում ենք օրենքի սահմաններում: Մենք մեր քարոզիչներն ունենք եւ մարդկային ռեսուրսի խնդիր չունենք», – պարզաբանում է Գարիկ Միրզոյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ