Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու. «Մասիսը մարզպետի դուքանը չէ»

Ապրիլ 16,2012 22:15

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ընտրապայքարի են դուրս եկել երեք թեկնածու` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը, ՀՀԿ-ի շարքերը նոր համալրած Մուրադ Մուրադյանը, եւ ՀՀՇ-ից Գեւորգ Գեւորգյանը, ում սատարում է ՀԱԿ-ը:

Թիվ 16  ԸԸՀ նախագահ Մայիս Ղազարյանն «Առավոտին» ասաց, որ մարտի 20-ի դրությամբ, նախնական տվյալներով ընտրատարածքում ընտրողների թիվը 69 741 է: Նախորդ` 2007թ-ի համամատությամբ այս տարի տարածաշրջանում ընտրողների թիվը ավելացել է մոտ 6000 ընտրողով. 2007-ին այն եղել է 60 հազար:

Ընտրողների թվի աճի մասին  ՀՀՇ-ական թեկնածու Գեւորգ Գեւորգյանն «Առավոտին» ասաց.«Մենք այս պահին հենց դրանով ենք զբաղված, դրա վրա ենք աշխատում: Արդեն ունենք տվյալներ, որ ընտրացուցակներում կան կրկնակի գրանցվածներ, մահացածներ: Վերջնական տվյալների մասին մամուլով կբարձրաձայնենք»: Նախընտրական իրավիճակը թեկնածուն գնահատեց.«Վախի մթնոլորտ է տիրում: Դեռեւս քաղաքական պրոցես չի գնում: Մենք ուզում ենք քաղաքական հարթության մեջ մտնենք, բայց չի ստացվում, ՀՀԿ-ն իշխանական ողջ լծակներով է աշխատում, բացի այդ փողի խոստումներ են տալիս եւ բոլորը սպասում են փողին: ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածուն չի գնում հանդիպումների, այլ իր համար ունի ընտրիչներ, որոնք քարոզում են իր համար: Ավելի ճիշտ դա քարոզ չէ, պարտադրանք է: Հանդիպում են իշխանության մեջ գտնվող մարդիկ, համայնքի ղեկավարները,  տնօրեններ, ծնողների հետ ցուցակներ են կազմում եւ պարտադրում, այսինքն տեղեկացնում են, որ ինքը պետք է լինի:  Հիշում են, որ այսինչ գյուղում հիվանդ կա, պետք է բուժել,  այդ հիվանդը արդեն մի քանի տարի այդ վիճակում է, բայց նոր են հիշում նրա մասին: Մարզպետը Մասիսը վերջերս շատ է կարոտում հաճախ է գալիս, պարզ է թե ինչու, գալիս է իր մոտ կանչում մարդկանց եւ պարտադրում թե ում պետք է ընտրեն: Բայց ասեմ, որ Մասիսը մարզպետի դուքանը չէ, որ ոնց ուզի` անի»:

Հարցին, թե ինչու է ընդդիմադիր թեկնածուն քննադատական սլաքն ուղղում միայն ՀՀԿ-ի դեմ, դրանով  ՀԱԿ-ի՞ գլոբալ քաղականությունն է վարվում, թե՞ ԲՀԿ-ի գործունեությունն ընտրատարածքում խիստ օրենքի սահմաններում է, Գեւորգյանն ասաց. «ԲՀԿ-ն էլ նույն մեթոդը կկիրառեր, եթե թույլ տային: ՀՀԿ-ն նրանց թույլ չի տալիս ասֆալտ անել, ջրագիծ կառուցել, միայն ինքն է անում, արտեզյան հորեր  է փորում եւ այլն: Դրանք են այստեղի քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական քարոզչության փոխարեն, ծրագիր ներկայացնելու փոխարեն, նման գործեր են անում»:

Ընդդիմադիր թեկնածուն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունենում փոքր խմբերով, բակային հանդիպումներով, ներկայացնում իր քաղաքական ծրագրերը, բայց մարդիկ անգամ այդ հանդիպումներին ներկա լինելուց են վախենում: Իսկ թե ում է համարում  իրեն հիմնական մրցակից, Գեւորգյանը պատասխանեց. «Փող բաժանելու առումով երկուսին էլ, բայց հաշվի առնելով որ իշխանության թեկնածուն ՀՀԿ-ականն է, որը ունի ռեսուրսներ, ապա  Մուրադ Մուրադյանին»:

Քանի որ զրուցակիցս հաճախ էր խոսում իշխանական լծակների օգտագործման մասին, հարց ուղղեցի. «Ժամանակին, երբ դուք էլ իշխանության մեջ էիք,  ունեիք տարբեր պաշտոններ, լծակներ, Մասիսի տարածաշրջանում էժան գնով ձեռք բերեցիք ֆերմաներ, օբյեկտներ, մի քանի բնակարան Մասիսում, կափարիչների գործարանը, եւ դրանք սեփականաշնորհեցիք ձեր մերձավորների անուններով: Դուք էլ ժամանակին այս տարածաշրջանի օլիգարխն էիք: Չե՞ք կարծում, որ դա էլ իշխանական լծակների օգտագործման արդյունք էր: Այսինքն` լծակներ օգտագործողների նախկին թիմին այսօր փոխարինում է ուրիշ թիմ»:  Գեւորգյանը նախ հերքեց, ասելով, որ ինքը ոչինչ չի ունեցել ու չունի: Հետո հավելեց, որ դրանք պետական տնտեսություններ էին, որոնք իրենց չարդարացրին, բաժնետեր եղել է իր փեսան, հեռու բարեկամը, կափարիչների գործարանում իր եղբայրն է բաժնետեր, իսկ ինքը եղել է տնօրեն:

ՀԱԿ-ի թեկնածուն ասաց նաեւ, որ իր մրցակիցներին հրավիրել է քաղաքական բանավեճի, սակայն ոչ մի արձագանք դեռեւս չի եղել:

«Առավոտը» փորձեց փոքրիկ հարցախույզ անել Մասիս քաղաքում: Այն, որ վախի մթնոլորտ կա, նկատելի էր, քանի որ մարդիկ վախենում էին որեւէ քաղաքական կարծիք հայտնել, հայտնելիս էլ չէին ցանկանում ներկայանալ: Մի կին, ով չցանկացավ ներկայանալ, միայն ասաց, որ մանկավարժ է եւ ուղղակի խնդրեց` իրեն ոչ մի հարց չտալ, ասելով, որ եթե ինքը ինչ-որ բան սխալ ասի, ապա մարզպետն իրեն աշխատանքից կազատի: Փորձեցինք զրուցել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» Մասիսի տարածքային կառույցների ղեկավարների հետ: ՀՅԴ-ինը ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն է, եւ ասացին, որ ինքը շատ քիչ է լինում այստեղ: «Ժառանգության»  տարածքային կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանը նախընտրական իրավիճակը բնութագրեց. «Շատ լարված: Երեւի ամբողջ Հայաստանում ամենալարված ընտրատարածքն է թիվ 16-ը: Այստեղ 37 թիվն է»: Հարցին, թե ո՞վ է ստեղծում այդ լարվածությունը, պարոն Հակոբյանն ասաց. «Երկու իշխանական թեւերը` ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն: Օրինացն իր գործը տակից է անում: Այս լարվածությամբ չեմ պատկերացնում, թե ոնց են անցնելու ընտրությունները»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30