«Միավորված հայեր» կուսակցությունը որոշել է Երեւանը դարձնել Էրեբունի, 50%-ով կրճատել Ազգային ժողովի պատգամավորների թիվը, նաեւ վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Իհարկե, կուսակցությունն այս ամենի իրականացման հնարավորությունը կունենա, եթե հայտնվի խորհրդարանում: ՄՀԿ-ն որոշել է հայ ժողովրդին վերադարձնել իր արմատներին: Իր նախընտրական ծրագրով կուսակցությունն առաջարկում է պետականորեն վերականգնել գրաբարի առավել գործածական և գեղեցկագույն բառերը եւ «Որպես Հայոց հավատքի, փառքի և միասնության խորհրդանիշ ընդունել Զվարթնոց տաճարը»:
Կրթության ոլորտում ՄՀԿ-ն եւս մեկ ուշագրավ առաջարկություն ունի: Ինչպես գրված է նախընտրական ծրագրում` «Մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ոլորտի զարգացման պետական հովանավորություն՝ անդրագոգիկայի սկզբունքներին համապատասխան»: Այսինքն, մեծահասակներին շարունակաբար կկրթեն: ՄՀԿ-ն ԱԺ համամասնական ընտրակարգով նախատեսված մանդատների 5 և 7% տոկոս անցողիկ շեմը բարձր է համարում, ուստի իր նախընտրական ծրագրով առաջարկում է այն իջեցնել համապատասխանաբար` 3 և 5%-ի: Նախորդ խորհրդարանական ընտրություններին այս կուսակցությունը չի մասնակցել, հետաքրքիր է`այս անգամ կուսակցությունը կարո՞ղ է հաղթահարել իր առաջարկած 3 եւ 5%-ը: Եթե չհաղթահարի, հավանաբար մյուս նախընտրական ծրագրում կառաջարկի էլի իջեցնել անցողիկ շեմը:
Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ԱԺ-ում հայտնվելուց հետո նախաձեռնելու է ամբողջությամբ վերանայել, չի բացառվում նաեւ փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ըստ ՀԿԿ-ի` «Անհրաժեշտ է մշակել հիմնական օրենք, որը բխի Հայաստանի իրականությունից»:
ՀԿԿ-ն այն միակ կուսակցությունն է, որն իր նախընտրական ծրագրում ուշադրություն է դարձրել հայկական եթերներում առկա սերիալներին: Կուսակցության նախընտրական ծրագրում նշված է` «Հեռուստահաղորդումներում , սերիալներում բացառել բռնությունների, զենքի գործադրման, սպանությունների և այլ արատավոր երևույթների ցուցադրումը, ինչը խթանում է երկրում նեգատիվ երևույթների ծաղկմանը»:
Կարդացեք նաև
Կոմունիստները նաեւ որոշել են հասարակության բառապաշարում առկա ժարգոնին վերջ տալ`ամբողջ պատասխանատվությունը դնելով մանկավարժների ուսերին. «Հաշվի առնելով, որ վերջին տարիներին տարածված է հայկական ժարգոնը (հելանք , ապե, հոպար), կտրուկ բարձրացնել դպրոցների տնօրենների պատասխանատվությունը՝ հայոց լեզվի դասավանդման մակարդակը ԲՈՒՀ-ում և դպրոցներում էլ ավելի բարելավելու համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ