«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր ՀԱԿ անդամներին մեղադրեց «Ժառանգությունից» ձայն գողանալու մեջ:
«Ինձ զանգահարեցին ու ասացին, որ մի թաղամասում ՀԱԿ-ի քարոզիչները մտնում են տները ու ասում են «Ժառանգություն» չընտրեք, որովհետեւ «Ժառանգությունը» պայմանագիր է կնքել Հանրապետականի հետ: Սա ձայնագողության շատ էժանագին մեթոդ է եւ խորհուրդ չեմ տա այս ոճը շարունակել: Մենք՝ «Ժառանգության» բոլոր թեկնածուներս, քարոզիչներս, որեւէ սեւ PR-ով չենք զբաղվելու: Մենք ինչպես Ազգային ժողովում բերեցինք ընդդիմադիր քաղաքական ուժի մշակույթ, այնպես էլ քարոզարշավի նոր մշակույթ ենք բերելու»:
ՀԱԿ-ին ուղղված այս մեղադրանքներին պատասխանեց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը. «Ես ներկայացնում եմ ՀԱԿ-ը, բայց այնպես չէ, որ բոլոր ելույթներն ինձ համար ընկալելի են, բայց գտնում եմ, որ ՀԱԿ-ի քարոզիչները չեն կարող նման քարոզչություն անել կամ հակաքարոզչություն ՝ «Ժառանգության» հանդեպ: Հնարավոր է՝ սադրիչների խումբ լինի, որովհետեւ այսօրվա իշխանությունների պարագայում ոչ մի բան չի կարելի բացառել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ