Լրահոս
Օրվա լրահոսը

Երազ. Միջոց է կապ հաստատելու մեր հանգուցյալների հետ

Ապրիլ 16,2012 17:21

«Ես մի շատ հետաքրքիր համակարգչային խաղ էի խաղում և չէի կարողանում մի հատված անցնել: Այսպես մոտ մեկ ամիս տանջվում էի: Եվ ահա մի օր երազիս տեսա, թե ինչպես հաղթահարեմ այդ հատվածը: Հաջորդ օրը արթնացա և, ամեն ինչ երազիս տեսածի պես անելով, հաջողության հասա»,-պատմում է ԵՊՀ ուսանողուհի Անին:

Երազները մարդկային կյանքի ամենախորհրդավոր և ամենազարմանալի երևույթներից են: «Երազները շատ կարևոր հոգեբանական երևույթներ են: Դրանց ուսումնասիրությունը կապված է լուրջ դժվարությունների հետ: Երազները խիստ սուբյեկտիվ են և չափազանց արագ են մոռացվում: Երազ վերարտադրող անձը երբեմն միայն որոշ պատառիկներ է հիշում»,-մեկնաբանում է հոգեբան Նաիրա Հարությունյանը:

Երազների նկատմամբ հետաքրքրությունը հազարամյակների ավանդույթ ունի: Դրա առաջացման վերաբերյալ տարբեր գիտություններ տարբեր վարկածներ են առաջադրում:

«Քնի ժամանակ մարդու միտքը և զգայական հոգին իրենց գործունեությունը չեն դադարեցնում, այլ թուլացնում են, այդ պատճառով միտքը երազի ժամանակ պատկերում է այն, ինչ իրեն զբաղեցնում է արթնության ժամանակ և մարդը կարող է նույնիսկ ապագան կանխատեսել: Այս երևույթը կապվում է հոգու գերբնական բնույթի հետ և մարդկանց երազներում կանխատեսումը վերագրվում է այդ երևույթին»,-բացատրում է աստղագուշակ տիկին Սվետան:

Մարդիկ իրենց մասին երազներ սկսում են տեսնել երեք տարեկանից: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջային երազաներ են տեսնում, քան հասուն մարդիկ:

«Ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… ու ինչ-որ աղմուկից արթնանում եմ»,-պատմում է 29-ամյա Հերմինեն:

Եթե ուշադրությամբ թերթենք պատմության և հատկապես Սուրբ Գրքի էջերը, ապա կարելի է նկատել` բազմաթիվ պատմական դեպքերում երազը մշտապես գտնվել է թագավորների և այլոց ուշադրության կենտրոնում: Նույնիսկ Աստվածաշնչում երազը ծառայում է որպես միջոց Աստծո կամքը իր ընտրյալներին հաղորդելու:

«Երազն Աստծո կողմից տրված մի բացառիկ պարգև է, որի միջոցով մարդուն տրվում է հնարավորություն անհնարինը տեսնել հնարավոր: Միաժամանակ երազը միջոց է կապ հաստատելու մեր հանգուցյալների հետ»,-ասում է տեր Թովմաս քահանա Անդրեասյանը:

Հոգեբանության ամենահետաքրքրական պրոբլեմներից մեկը այն է, թե  ինչպես են առաջանում երազները:«Երազները առաջանում են միայն այն դեպքում, երբ քնած ժամանակ մարդու զգայարանների վրա տարբեր գրգռչներ են ազդում: Քնածի վրա ազդող գրգռիչն իր իրական հատկանիշներով երազի կազմի մեջ չի մտնում: Հետևաբար այդ գրգռիչն իմանալը մեզ դեռ ոչ  մի չափով թույլ չի տալիս բացատրել, թե ինչու ստեղծվեց հենց այս երազը, ինչ անձնային նշանակություն ունեն երազային պատկերները, ինչպես են դրանք ձևավորվում դրանք և զուգորդվում իրար հետ: Սակայն մի բան պարզ է. երազներում կրկնվում են մեր ցերեկային ապրումները»,-բացահայտում է Նաիրա Հարությունյանը:

«Ես որոշել էի գործերս համալսարան տալ:  Ու մի օր, 10-րդ դասարանում, ես, այդ ժամանակ դեռ պատկերացում չունենալով որևէ ԲՈՒՀ-ի մասին՝ երազ եմ տեսնում, որ ես գտնվում եմ Պոլիտեխնիկի լողավազանում ու մի հոգու հետ լողանում ենք, բայց ես կյանքիս մեջ չեմ իմացել, որ այնտեղ ընդհանրապես լողավազան գոյություն ունի: Հաջորդ օրը տանեցիներին  երազս պատմեցի, ու ասացի, որ Պոլիտեխնիկ եմ գործերս տալու: Դա, իհարկե, լուրջ չընդունվեց: Այնուհետև եկավ պահը, այնպես ստացվեց, որ ես, գործերս տալով համալսարան, ընդունվեցի Պոլիտեխնիկ և երկու տարի ընկերոջս հետ լողավազանում լող պարապեցի»,-պատմում է 43-ամյա ինժեներ Կարենը:

Երազները ունեն տեսակներ, գույներ: Ոմանք տեսնում են բարի երազներ, ոմանք մղձավանջային: «Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12%-ը տեսնում է միայն սև և սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Մինչև այսօր դժվար է ասել` արդյոք ծանր երազները շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև և սպիտակ երազներ տեսնող մարդկանց: Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունը այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որ երազում տեղի ունեցող շարժումները մարդը իրականում չանի>>,-ասում է հոգեբան Նաիրա Հարությունյանը:

Երազների իմաստը հասկանալու համար շատ գիտնականներ առաջ են քաշել բազմաթիվ վարկածներ: Ժամանակին լուրջ ուսումնասիություն /<<Երազների մեկնաբանութուն>>/ է գրել Զինգմունդ Ֆրոյդը: Ըստ նրա՝ վարկածի երազները իրենց կառուցվածքով և բովանդակությամբ նման են նևրոտիկ ախտանիշներին:

«Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ. դրանք խոսում են սիմվոլների օգնությամբ և նման են առակների, որտեղ օրինակ՛ մրջույնը նշանակում է աշխատասիություն: Մեծ է արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ մենք շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ»,-պարզաբանում է տիկին Սվետան:

Երազների սիմվոլները, տեսիլքները բացահայտելու համար մարդիկ դիմում են տարբեր մեթոդների: Կան բազմաթիվ գրքեր, որոնցում նույն  պատկերի մեկնում շատ հազվադեպ է համընկնում մյուս գրքի վերլուծությանը: Նույնիսկ ինտերնետը ողողված է երազահանության և գուշակության բազմաթիվ մեթոդների առաջարկներով:

«Երազահաններին չարժե հավատալ, որովհետև դրանք ազդում են մարդու գործողությունների վրա: Դրանք նման սուրճի մրուրով գուշակություններին: Քանի որ տպագիր նյութն ավելի շատ ու շուտ է հավատ ներշնչում, այս առումով երազահաններն ավելի ազդեցիկ մոլորության միջոց են»,-ասում է հոգեբան Նաիրա Հարությունյանը:

«Այս հետաքրքրաշարժ երևույթի մեկնաբանման համար քրիստոնյաներիս համար ընդունելի է միմիայն եկեղեցու և սուրբ հայրերի կարծիքը` Սուրբ գրքի լույսով առաջնորդված: Սուրբ Գրիգոր Նյուսացին նշում է, որ երազները պատկանում են բուսական հոգու գործունեության ոլորտին: Բուսական հոգում կամ զգացմունքներով տեղի ունեցած երևույթները, եթե դրանք անցել են հիշողությանը, երազում կրկին առաջ են գալիս և կրում են խառնիխուռն բնույթ: Եվ, առհասարակ, երազներին հավատալու կամ չհավատալու հարցում պետք է առաջնորդվել Աստվածաշնչի հետևյալ խրատով. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից» /Սիրաք ԼԱ 2/»,-պարզաբանում է տեր Թովման:

Երազներում երբեմն ի հայտ է գալիս չբավարաված ցանկությունը: Միտքը, ցանկությունը դառնում է ապրում: 19-րդ դարի մտածող Ֆրոյդը սիրում էր կրկնել Պլատոնի այն խոսքերը, որ լավ մարդիկ բավարվում են երազներով, այն ինչ վատ մարդիկ կատարում են իրականում:

Նաիրա Վերդյան

 

 

Հ. Գ. Տարբեր հետազոտություններ երազի տևողության տալիս են տարբեր թվեր` 7 վայրկյանից մինչև 5-6 րոպե: Իսկ նրանց բացակայության մասին գրեթե ոչինչ չի ասվում: Սակայն պատմությանը հայտնի է երազների տևական բացակայության ռեկորդ` 18 օր, 21 ժամ: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, նաև պարբերաբար հալուցինացիաներ է ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30