Թիվ 24 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված նախկին կոմունիստ Խորեն Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր մրցակից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ահաբեկում է ընտրատարածքի բնակիչներին՝ ՀՀ գլխավոր դատախազի եւ նախագահի անունից:
Հիշեցնենք, որ Խորեն Սարգսյանն ինքնաառաջադրվել է, սակայն, որոշ լուրերի համաձայն, նրան ոչ պաշտոնապես ԲՀԿ-ն է սատարում: Ինքը՝ Թռչունիչը, պնդում է. «Ինձ սատարում են բոլորը, բացի ՀՀԿ-ից»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բոլոր այն գյուղերում, որտեղ ինքը նախընտրական հանդիպումներ է ունենում, ՀՀԿ-ական մրցակցի կողմնակիցները «զրույցներ» են անցկացնում գյուղապետերի հետ:
Նախորդ օրն էլ հերթական ընտրական միջադեպն է գրանցվել: Հակոբ Հակոբյանի կողմնակիցներն անտառտնտեսության տարածքում, որի պետն իր հորեղբոր տղան է՝ ծեծի են ենթարկել Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանին: Վերջինիս այսօր առավոտյան տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Խորեն Սարգսյանի նախընտրական շտաբը պատրաստվում է դեպքի առիթով դիմել պատկան մարմիններին՝ սահմանված կարգով:
Կարդացեք նաև
Դեպքի առիթով Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց. «Խորեն Թռչունիչին ասեք՝ իր դիմումները, որ գրում ա, տառասխալներով, կտամ «Առավոտ» թերթում տպելու, եթե մյուս անգամ զբաղվի հերյուրանքներով»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դիմումի մասին է խոսքը, Հակոբյանը հավելեց. «Ես խնդրում եմ, իրան ասեք, քանի որ ինքն էլ ա համագյուղացի, ծովինարցի ա, չեմ ուզում իրան վարկաբեկել: Իրան ասեք՝ հենց որ շարունակեց, էդ դիմումը թերթերով կտպեմ: Իսկ էդ մնացած ամեն ինչը հերյուրանք ա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ