Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արխիվը կճշտի մարդկանց եւ եկեղեցուն հասցված վնասները

Ապրիլ 16,2012 17:01

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Հատուկ հանձնախումբը Եղեռնի ականատեսներից գրի է առել կոտորածի մասին վկայությունները, արդյունքում 2005թ.-ին հրատարակվել է «Վշտապատում» գիրք-ալբոմի առաջին հատորը՝ կազմված շուրջ 1000 փաստաթղթից:

Ա. Վիրաբյանի տեղեկացմամբ, եւս երկու հատոր կհրատարակվի մայիսին: «Առաջինը վերաբերում է Վանին, երկրորդը՝ Բիթլիսին, երրորդը՝ Տիգրանակերտին, Խարբերդին եւ Կարինին: Պատրաստվում է  նաեւ 4-րդ հատորը՝ Կիլիկիայի մասին»,-նշեց պարոն Վիրաբյանը եւ հավելեց, որ կազմման աշխատանքներում ներգրավված են լեզվաբաններ եւ աշխարհագրագետներ՝  վկաների բարբառները եւ աշխարհագրական տեղանունները ճիշտ արձանագրելու համար: Առաջիկայում երեք հատորներն էլ կթարգմանվեն անգլերեն, թուրքերեն եւ ռուսերեն:

1918թ.  Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ կազմված խումբը կոտորածից փրկվածներից հավաքագրեց մարդկային եւ նյութական կորուստների մասին տեղեկություններ՝ հետագայում Փարիզի վեհաժողովում դրանք Թուրքիայի առջեւ դնելու համար: Ըստ Ա. Վիրաբյանի հայտնած տվյալների՝ նյութական վնասի չափը հասնում է մոտ 25 միլիարդ դոլարի: Արխիվի հետագա ծրագրերի մեջ է մտնում նաեւ էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը, որը ներառելու է մինչ 1922թ.-ը զոհվածների տվյալները, ականատեսների հուշերը եւ ժամանակի մամուլի հրապարակումները:

Ա. Վիրաբյանը նշեց, որ փաստերի միջազգայնացումը հնարավորություն է ստեղծում ցեղասպանության ճանաչման արդյունավետ գործողությունների համար. «Կոտորվածների թիվը կարող է տպավորություն չգործել, բայց բոլոր փաստերի հավաքագրումն ունենում է իր ազդեցությունը: Բացի այդ, փորձում ենք որոշել նաեւ ժամանակին հայ եկեղեցուն հասցված վնասների չափը»:

Նշենք, որ 2015թ.-ին նախատեսվում է Ցեղասպանության լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցահանդես:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30