Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը բացահայտում է «Վիքիլիքսի» փաստաթղթերը՝ Սերժ Սարգսյանի համաձայնության մասին

Ապրիլ 16,2012 16:36

Այսօր Մասիսում ՀԱԿ-ի հանրահավաքին Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը նկատեց, որ նախորդ ընտրություններին իրենք Մասիսում եւ Էջմիածնում եղել են ընտրարշավի վերջում. «2008-ի ընտրարշավի ժամանակ Մասիսն ու Էջմիածինը եղել են ամենամարդաշատը: Այսօր ի՞նչն է պատճառը: Վախը չէ: 2008-ին ավելի վախեցած էին: Այս չորս տարվա ընթացքում Հայաստանի ակտիվ բնակչության մեծ մասը թողել- հեռացել է Հայաստանից»:

Ըստ առաջին նախագահի, այս իշխանությունները օգտվում են միջազգային հանրության օգնությունից. «Արեւմուտքին պետք է Սերժ Սարգսյանի նման գող իշխանություն, որովհետեւ նրանց կառավարելը հեշտ է: Այս իշխանությունը անկախ չէ, կախված է արտաքին ուժերից: Ո՞ր մի իշխանությունը կհամաձայներ ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով, որը պարզի՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ:  Ես ավելին գիտեմ՝ Սերժ Սարգսյանը  նրանց այդ խոստումը տվել է 2007-ին, «Վիքիլիքսի» փաստաթղթերում դա կա, մենք տեսել ենք:  Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ նրանց խոստացել էր համաձայնել Ղարաբաղի հարցի լուծման մադրիդյան սկզբունքներին: Ի՞նչ բան է դա՝ դուք գիտե՞ք այն փաստաթուղթն է, որի վրա 96-ին ես վետո դրեցի, չնայած ահռելի ճնշումներին: Գոնե այն ժամանակ Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ էր, նրա ձայնը վճռորոշ էր: Ռոբերտ Քոչարյանին համոզեցին, որ պետք չէ Ղարաբաղը կողմ լինի ու բռնեցին դուրս շպրտեցին Ղարաբաղը: Հիմա նորից խոսք են տալիս, որ պետք է անպայման ներգրավենք Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ: Ի՞նչ ներգրավելու մասին է խոսքը, Ղարաբաղը ունի մանդատ, այն նրան տվել է Բուդապեշտի գագաթաժողովը, պետք է պայքարեք այդ մանդատը նորից հետ վերցնելու համար: Սա անճարակություն է: Հիմա էլի եկել են ձեզնից ձա՞յն  են խնդրում»:

Խոսելով ընտրակաշառքներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ «5000- 10 հազար դրամ բաժանելով՝ այդ ընթացքում իրենք  ձեզանից գիտե՞ք ինչքան են գողանում, ամեն տարի 5 մլրդ դոլար այս հաստավզերը գողանում են ձեզանից: Ես չեմ վախենում սա ասել՝ նախագահից սկսած՝ իր բոլոր նախարարներով, մարզպետներով, կառավարությունով գող-ավազակներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30