Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Չեմ կարծում որեւէ մեկի քիթը՝ եթե քիթը որեւէ տեղ չի մտցրել, կոտրեն»

Ապրիլ 16,2012 16:03

Թեեւ երեկվանից բոլոր կայքերն ահազանգում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, ինքը՝ պատգամավորի թեկնածուն էլ ահազանգել է ոստիկանություն, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ անտեղյակ է միջադեպից:

Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ-ի կողմից հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ՀԱԿ-ի կողմից՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Երեկ ընտրողների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ Ալեքսանյանի կողմնակից կանայք փորձել են խանգարել Փաշինյանի հանդիպումը, իսկ ավելի ուշ՝ ժամը 19-ին սահմաններում Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը: Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները:

Aaravot.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություններ ստանալ կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Տեղեկություն չունեմ: Բայց խնդիրն ի՞նչ է:

– Նիկոլի հանդիպման ժամանակ Ալեքսանյանի կողմնակից կանայք հարձակվել են նրա վրա, քաշքշել են…

Բայց նրանց անձնագրերին գրված է, որ Ալեքսանյանի կողմնակիցնե՞րն են:

– Իրենք ասել են, որ Ալեքսանյանի կողմնակիցներն են:

Եթե մարդիկ կողմնորոշում ունեն ընտրելու՝ դա չի նշանակում կողմնակիցներն են:

– Կողմնորոշումը՝ կողմնորոշում, բայց թեկնածուի վրա հարձակվելը…

Ինձ թվում է, դեռ էդպիսի բաներ շատ կլինեն: Դա յուրահատուկ ձեռագիր է, որը այս տարիների ընթացքում փորձում են շահարկման մեջ դնել:

– Այսինքն, Դուք ակնարկում ենք, որ Նիկոլի կողմի՞ց է դա կազմակերպվել:

Ես ակնարկում եմ, որ ըստ էության, երեւի որեւէ բան էլ չի այդպես տեղի ունեցել: Ընտրություններ են, մի տեղ հաջողվում է, մի տեղ չի հաջողվում: Մենք էլ ենք գնում այս կողմ, այն կողմ, ինչոր տեղ խոսակցություններ են լինում, կարող է նաեւ նման միջադեպեր լինեն, բայց դա դարձնել այսպես քարոզչության նյութ, բնականաբար, մեր ճաշակի հետ չի համընկնում:

– Բայց ոչ մի տեղ ՀՀԿ-ի կողմնակիցների քիթը չեն կոտրել:

Ո՞նց, էս չորս տարի է անընդհատ միտինգներ են ձեւավորում, ինչ ասես չեն ասում, ի՞նչ քիթը կոտրելու մասին ա խոսքը:

– Նկատի ունեմ, որ ֆիզիկական վնաս չեն հասցրել:

Նիկոլ Փաշինյանի՞ քիթն են կոտրել:

– Ոչ, ՀԱԿ-ի կողմնակիցներից մեկի:

Ես չեմ կարող մեկնաբանել, կանխավարկածային ինչոր բան եք ասում: (Սահակյանը քմծիծաղ է տալիս.- Ն. Գ.)

– Կանխավարկածային չի, մարդիկ ոստիկանությանն էլ են ահազանգել:

– Չգիտեմ միջադեպն ինչպես է եղել, ինչպիսի շարժառիթ է եղել: Ես չեմ կարծում որեւէ մեկի քիթը, եթե քիթը որեւէ տեղ չի մտցրել, կոտրեն: Դրա համար բնութագիրը պետք է լրիվ լինի, որ կարողանամ գնահատական տալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30